Սյունիքի վրա նոր հարձակու՞մ է նախապատրաստվում

Սյունիքի վրա նոր հարձակու՞մ է նախապատրաստվում

«Հրապարակ» կայքի տեղեկություններով, սահմանին՝ Սյունիքում, լարվածությունը խիստ մեծացել է։ Ադրբեջանական զինուժ է կուտակվում Սեւ լճի մոտակայքում։ Զինվորականները տեղեկատվություն ունեն, որ սեպտեմբերի 16-17-ին՝ երբ Ռուսաստանը հիմնովին տարված կլինի խորհրդարանական ընտրություններով, թուրք-ադրբեջանական զինուժը պատրաստվում է նոր ռազմական սադրանքի։ Ծրագիրը հետեւյալն է՝ Սեւ լճի հատվածում ճեղքում իրականացնել եւ Արդբեջան-Թուրքիա միջանցքի երազանքը դարձնել իրականություն։ Մեր տեղեկություններով, Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը վրդովված է այս հանդգնության վրա եւ փորձում է ամեն գնով կանխել այս ծրագիրը։ Դա է պատճառը, որ շուտափույթ Հայաստան է տեղափոխվել մարտական մեծ փորձ ունեցող հրամանատարը՝ Կոսոբոկովը, Սյունիքում է գտնվում Գյումրիի 102 ռազմաբազայի ղեկավարությունը եւ մեծ քանակի զենք-զինամթերք է տարվել Սյունիք։
Բացի այդ, մեր տեղեկություններով, Ռուսաստանը որոշ նախապատրաստական գործողություններ ձեռնարկել է նաեւ Արդբեջանի հյուսիսային հատվածում՝ սահմանակից Դաղստանում է գտնվում Ռուստամ Մուրադովը եւ մեծ քանակի ռուսական զինուժ է տեղափոխվել Դաղստան՝ Ադրբեջանի սահմանակից հատված, որպեսզի եթե Սեւ լճում սադրանքի գնան, սադրիչները պատասխան հարվածներ ստանան այլ հատվածներից եւս։ Հայկական բանակը եւս բերվել է մարտական պատրաստության։