Սոփեստությու՞ն, թե՞ անընկալունակություն

Սոփեստությու՞ն, թե՞ անընկալունակություն

Այսօրվա պատերազմական իրականության վերջալույսին՝ երեկոյան, Վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Եվ ինչպես Պարոնյանը կասեր՝ «Ձեր հրամանոք նիստ մը գումարեցինք և Ձեր հրամանոք նիստին մեջ բան մը չորոշեցինք»: Կրկին արել է տրիվիալ, պարզագույն արձանագրումներ, մասնավորապես, որ Ադրբեջանի արածն ուղիղ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և այլն, և այլն:
Հասկանալի չէ, թե ում են ուղղված այդ հայտարարությունները. եթե ներքին լսարանին, ապա վերջինս ավելի լավ գիտե այդ մասին, եթե Ադրբեջանին, ապա ինչպես հասկանալ նախօրեին այդ հողերը ոչ հայկական համարելու՝ փաշինյանական նկրտումները, եթե միջազգային հանրությանը, ապա այստեղ պետք է գործել, ոչ թե խոսել, օրինակ՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի ԱԽ: Ուստի տպավորություն է, թե ինքն իրեն է համոզում, իսկ որ ամենահավանականն է՝ պարզապես սոփեստություն է անում և կեղծում է, թե մտահոգված է: Խորհրդային տարիներին մի ֆիլմ կար՝ «Ծառայողական սիրավեպ,,-ը, որտեղ հերոսուհին իրեն շաղակրատողին ասում է՝ «Я вам не верю, ну не верю!»: Այդպես էլ Փաշինյանի անկեղծությանը չես կարողանում հավատալ…
Իսկ այս արձանագրումն արդեն պարզապես ամոթ էլ չէ, խայտառակություն է. «Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք»: Եվ սա ասում է պետության ղեկավարը, գործադիր իշխանության պարագլուխը: Ինչպես բացատրես այս անձնավորությանը, որ գործադիր իշխանությունը կարողանալու համար է, այլ ոչ թե անկարողություն խոստովանելու: Եվ պարզապես ամոթ է՝ թե ներսում, թե՝ դրսի ընկալումների համար: Ի վերջո՝ ոչ ոք իրավունք չի տվել ազգովի մեզ խայտառակելու…