Վարորդը վրաերթի է ենթարկել ՀՀ ՊՆ 6 ծառայողի. 2-ը տեղում մահացել են, 4-ը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր` ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, ապա՝ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, վիրավորները նույնպես ծառայում են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են վարորդին, ով Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Միքայելյանն է։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ եղել է ոչ սթափ։ Վարորդը ձերբակալվել է։