Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին։ Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ խոսելով նաև խնդիրների մասին:

«Քննարկվում էր Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։

Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։

Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն՝ կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն:

Ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։

Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե՞ անփութության հետևանք է, բայց փաստացի՝ հենց կառավարության գործողությունների հետևանքով լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։

Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկիաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը, որը պատերազմի ավարտից 4 ամիս անց անգամ թաքցնում է զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը։ Այս կոնտեքստում ինձ համար անհասկանալի է հոգաբարձուների խորհրդի անունից ընդունված հայտարարությունը:

Ինչպե՞ս կարելի է նախօրոք վստահ լինել Հիմնադրամի միջոցների նպատակային ծախսվելու մեջ, երբ ծախսերը հաստատող փաստաթղթերն ամբողջովին բացակայում են:

Ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում եմ այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ ոպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ «Հայաստան» հիմնադրամը, իր հերթին, պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա», — գրել է Քոչարյանը։