ՏԻՄ ընտրություններն անցնում են կասկածելի մթնոլորտում, ոստիկանական հսկողության պայմաններում

ՏԻՄ ընտրություններն անցնում են կասկածելի մթնոլորտում, ոստիկանական հսկողության պայմաններում

Այսօր Հայաստանի 9-ը համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են՝ Գյումրիում, Շամիրամում, Մեղրիում, Գորիսում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, Ֆիալետովոյում և Ֆրիկում: Դեռ գիշերվանից ահազանգեր էին հնչում, որ, մասնավորապես Գորիսում, անհամաչափ շատ ոստիկանական ուժեր են կուտակվել: «Անկախ դիտորդը» քիչ առաջ հաղորդեց, որ Տեղ համայնքում նկատվել է ընտրողներին տանել-բերելու պրոցես: «Ակնհայտ նկատվել է ընտրողներին տանել-բերելու պրոցես, այսինքն, ընտրողներին տանում-բերում են, նույն մեքենան գնում-գալիս է, ակնհայտորեն ըստ էության, ծառայություն է մատուցում ընտրողներին տանել-բերելու», — ասուլիսի ժամանակ ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ այդ մեքենաների վրա ՔՊ թեկնածուների պաստառներն են փակցված:
Տեղեկություններ կան նաև համատարած ֆինանսական օգնությունների մասին, որ հատկացրել է իշխանությունը: Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածուն չի հերքել լուրը՝ ասելով, թե դրանք սոցաջակցություններ են:
«Տեսեք իրավիճակի ողբերգականությունը։ Երբ ԱԺ ընտրություններւց առաջ նման «սոցաջակցություններ» բաժանել էին Գորիսի քաղաքապետարանում, բոլորի վրա` քաղաքապետից սկսած, քրգործ հարուցվեց` ընտրակաշառքի գործով։ Հիմա, ՔՊ-ի պարագայում, ընտրակաշառք բառը դարձել է քաղաքակիրթ «սոցաջակցություններ» տերմին։ Մի խոսքով, իշխանությունը փող է բաժանում, որպեսզի յուրայինները դառնան ՏԻՄ ղեկավարներ»,-Ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Լուսանկարը՝ «Հրապարակ»-ի էջից