«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի տիրապետում իրավիճակին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի տիրապետում իրավիճակին

ԱԺ՝ այսօր մեկնարկած քառօրյայում, լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին Սյունիքում ադրբեջանցիների ձեռնարկած աննախադեպ ստուգում-արգելքներին, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը որևէ հոդաբաշխ պատասխան չտվեց: Հայկ Կոնջորյանը անընդմեջ կրկնում էր, թե ԱԱԾ տարածած հայտարարությանն ավելացնելու բան չունի: Եվ փույթ չէ, որ այդ հայտարարությունը կարճառոտ էր, ու որ դրանից առնվազն 24 ժամ է անցել, և որևէ նոր զարգացում, գոնե տեղեկատվական առումով, չկա: Խնդիրն այն է, որ քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը, փաստորեն, ոչինչ չունի ասելու իրենց ղեկավարած պետության մեջ ստեղծված արտակարգ իրողության վերաբերյալ, երբ ինքնիշխան պետության ներսում թշնամին տեղաշարժի արգելքներ է ստեղծում: Ի վերջո, բացի հերթապահ արտահայտություններից, որոշ դեպքերում՝ ոչ այդքան գիտակցված պնդումներից, օրինակ, որ Սյունիքում ապագա կա և Արցախում կա ապագա, որևէ այլ բան չասվեց: Մինչդեռ հանրությանը պարտավոր են բացատրել, թե ինչ է կատարվում, ինչու և ինչպես է հնարավոր դարձել ադրբեջանական այս սանձարձակությունը, ինչ քայլեր են արվում դրանց չեզոքացման ուղղությամբ: Ավաղ, իշխող կուսակցության ոչ շարքային անդամի խոսքերից տպավորություն էր, որ չեն գիտակցում իրավիճակի լրջությունը: Հակառակ դեպքում, պիտի պատասխաններ տային, որ պարտավոր են: