Մեկնարկում  է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը

Մեկնարկում է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը

Այսօր Սոչիում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները: Ըստ ռուսական կողմի՝ կքննարկվեն նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի հաստատման համար։
Հայաստանում անհանգիստ են, որ այս հանդիպումը չվերածվի հերթական պարտվողական փաստաթղթի կնքման: Խոսվում է Սյունիքով Ադրբեջանին միջանցք տալու, Հայաստանի տարածքներ զիջելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վտանգների մասին:
Փարձելով փարատել մտավախությունները՝ Վարչապետ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, թե խոսքը սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սկսող հանձնաժողովի մասին է լինելու, ստորագրվելիք փաստաթուղթն էլ իբր չի վերաբերելու կոնկրետ սահմանների գծանշմանը, այլ այդ հանձնաժողովը ստեղծելուն:
Ընդդիմությունն այս հայտարարությունը, սակայն, լուրջ չի ընդունում՝ ենթադրելով, որ այնուամենայնիվ հողերի զիջման փաստաթուղթ է ստորագրվելու, ինչպես դա եղավ Արցախի պարագայում:
Հայաստանում ընդդիմադիր ցույցեր են. փորձում են կանխել հերթական կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը:
Այսօր՝ հանդիպումից ժամեր առաջ, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը երկու հայ ռազմագերու է վերադարձրել Հայաստան՝ մեկը զինվորական, վիրավոր, մյուսը՝ քաղաքացիական անձ:
Հայաստանի կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն արդեն մեկնել է ՌԴ: Սոչի է ժամանել նաև ԱՀ նախագահ Ալիևը:
Սպասվում է, որ հանդիպումը կմենարկի քիչ անց: