11-օրյա պատերազմի ավարտին պաղեստինցիներն ու իսրայելցիները հրապարակել են ողբերգական վիճակագրությունը

Պաղեստինն ու Իսրայելը հաշվարկում են 11-օրյա պատերազմի հետևանքները, հայտնում է The Times of Israel լրատվականը:

Հիշեցնենք, որ 11-օրյա հրթիռային հարձակումներից հետո Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են դադարեցնել մարտերը:

Պաղեստինյան կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների թիվը, այս ընթացքում, շուրջ 4 հազար է, որոնց մի մասն ընկել է Գազայի տարածքում: Իսրայելի պաշտպանության ուժերը նշել են, որ հրթիռների մոտ 90 տոկոսը որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև նախորդ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 232-ի, որոնցից 66-ը երեխա և ավելի քան 38-ը կին, վիրավորվել է մոտ 1600 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, որոնցից 9-ը իսրայելցի և 3-ը օտարերկրացի, իսկ 2-ը երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 350 է։

Ինչպես ավելի վաղ տեղելացրել էր Tert.am-ը, Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին-խմբ.) ուժի մեջ է մտել:

Հայտնի է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:

Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հանձնարարականով եգիպտական երկու պատվիրակություն է գործուղվելու Իսրայել և Պաղեստին՝ կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով:

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մայիսի 20-ի երեկոյան հավանություն էր տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի հաստատմանը, որի մասին տեղեկություն էր տարածվել վարչապետ Նեթանյահուի աշխատակազմից: Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Կահիրեի միջնորդությամբ հրադադարի հաստատմանը: