2 օր առաջ տեղի ունեցած մարտերի ընթացքում 17 հայ զինծառայող անհետ կորել է, նրանցից 9-ը գերի են, մյուսների ճակատագիրն անհայտ է. համայնքապետ

Արցախի Հադրութի շրջանի Հին թաղեր գյուղի համար երկու օր տեղի ունեցած մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը 9 հայ զինծառայող է գերի վերցրել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հին թաղերի համայնքապետ Էդուարդ Այվազյանը:

Նա նշեց, որ համայնքը պաշտպանող այդ ջոկատի տղաներին չի ճանաչում, տարբեր տեղերից էին, բայց Էջմիածնից էլ կան: «Ես 9 հոգու մասին եմ խոսում, բայց 17 հոգի են պակաս տղերքից, ինձ զանգեցին տեղեկացրեցին, 9 հոգին գիտեմ հաստատ գերի են, մյուսները թե զոհվել են, ինչ-որ մի տեղ կորել են, չգիտեմ, նրանց ճակատագիրն անհայտ է»,- ասաց համայնքապետը:

Այսօր դեռ առավոտյան Էդուարդ Այվազյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հին թաղերը վերջնականապես անցել են ադրբեջանական տիրապետության տակ:

Դիտարկմանը՝ երեկ քարտեզ հրապարակվեց, թե ռուսական խաղաղապահների վերրահսկողության տակ է համայնքը, նա արձագանքեց. «Ինչ ասում են, ստում են, էս պատերազմը ոնց որ ստով տանուլ տվեցին, այնպես էլ հիմա են ստում»:

Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե չի կարողացել կապ հաստատել և ճշտել՝ արդյոք իրենց գյուղի համար պայքարում էլ են գերիներ վերցվել:

Նշենք, որ ադրբեջանական կողմը լուրեր է տարածում, թե երեք օր առաջ ևս 100 գերի են վերցրել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Նշենք, որ ռուսական կողմը քարտեզի փոփոխություն է կատարել և Հին Թաղեր ու Խծաբերդ համայքները հանվել են իր պաշտպանության գոտուց: Ի դեպ, այս երկու համայնքների վերաբերյալ Նիկոլ Փաշինյաննն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել էր. «Կապված Հին Թաղեր, Խծաբերդ հատվածի հետ, ուզում եմ ասել նաև, որ ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ իրադրության գնահատման շուրջ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել: Սա, իհարկե, գուցե ոչ հետաքրքիր, բայց կարևոր նրբություն է, որովհետև նաև սա կապ ունի իրադրության հետ, որովհետև կան տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ, թե ով ամսի 9-ի դրությամբ որտեղ է գտնվել և ամսի 9-ից հետո որտեղ է հայտնվել: Մենք, Պաշտպանության բանակը վստահ ենք մեր դիրքորոշումների և ճշմարտացիության վրա և իհարկե հետևողականորեն կաշխատենք նաև դա մեր միջազգային գործընկերներին ցույց տալու և իրադրությունը մեր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար»: