«Giorgio Armani» բրենդի պատմությունը

«Giorgio Armani» բրենդի պատմությունը

Ջորջիո Արմանիին համարում են իտալական նորաձևության կնքահայրը:

Արմանին ծնվել է 1934 թվականին՝ Իտալիայի Պյացենզա փոքրիկ քաղաքում: Պատանի հասակում տեղափոխվել է Միլան: Նա երազում էր բժիշկ դառնալու մասին, սակայն երկու տարի ուսանելով, հասկանում է, որ բժկությունն այն չէ, ինչ իրեն հետաքրքրում է: Թողնելով ուսումը՝ Ջորջիոն սկսում է աշխատել որպես լուսանկարիչ, հագուստի խանութում օգնական և ցուցափեղկերի ձևավորող:

Նորաձևության ոլորտում նրա հաջողությունները սկսվում են 1961 թվականից, երբ աշխատանքի է ընդունվում հանրահայտ իտալացի դիզայներ Նինո Չերուտիի («Nino Cerruti») մոտ՝ որպես օգնական:

Ջորջիոն 6 տարի աշխատում է Չերուտիի մոտ՝ օգնելով նրան ստեղծել հագուստ տղամարդկանց համար:

Միայն 40 տարեկանում Արմանին հասկանում է, որ ժամանակն է ունենալ հագուստի սեփական արտադրությունը: Վաճառելով ավտոմեքենան և ընկերներից գումար վերցնելով՝ Արմանիին հաջողվում է 1974 թվականին ներկայացնել իր ստեղծած հագուստը, իսկ հաջորդ տարի՝ գրանցել Giorgio Armani ապրանքանիշը:

Emporio Armani

1981 թվականին Ջորջիո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական և փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է Emporio Armani:

1989 թվականին լույս է տեսնում Emporio Armani Magazine ամսագիրը: Նույն թվականին Լոնդոնում բացվում է Արմանիի առաջին ռեստորանը՝ Emporio Armani Express-ը:

1997 թվականին Emporio Armani-ն սկսում է ժամացույցներ և դեկորատիվ կոսմետիկա արտադրել՝ Emporio Armani Beauty Components: Սակայն սրանով Ջորջիոն չի բավարարվում: 2002 թվականին Արմանին սկսում է զարդեր արտադրել՝ EMPORIO ARMANI Gioielli անունով:

Այս ամենի հետ մեկտեղ՝ Արմանին չի մոռանում նաև բարեգործության մասին: 2005 թվականին ստեղծվում է Emporio Armani Red-ը: Այս մակնշմամբ ապրանքի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվում է ՁԻԱՀ-ով հիվանդ աֆրիկացի կանանց և երեխաներին:

Ներկայումս Emporio Armani-ն ավելի քան 150 խանութ ունի աշխարհի տարբեր երկրներում:

Արմանիի հաջողության գաղտնիքն այն է, որ նրա ոճը միշտ արդիական է: Ինչպիսին էլ լինեն նորաձևության միտումները, պարզվում է, որ նրա հավաքածուները դրանց չեն հակասում, թեև չեն էլ հետևում դրանց: Բացի այդ, ի տարբերություն շատերի, նա չի փոխում նորաձևության մասին իր պատկերացումները` հանուն շուկային գոհացնելու: