Ryanair-ը Երևանը ներառել է 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում

 Իռլանդական Ryanair ավիաընկերությունը Երևանը ներառել է 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավիաընկերության կայքում առանձնացված ցանկում ընդգրկված է 21 քաղաք:

Ryanair-ը նշում է, որ 2020թ. ընթացքում կորոնավիրուսի համավարակը խոչընդոտ հանդիսացավ բազմաթիվ ճանապարհորդությունների համար, սակայն դրանք կարելի է իրականացնել 2021 թվականին:

«Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող Հայաստանն աճող զբոսաշրջային թեժ կետ է, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն անհրաժեշտը՝ պատմական տեսարժան վայրեր, հետաքրքիր մշակույթ, էքստրեմալ սպորտաձևեր, հայկական համեղ խոհանոց: Նրա մայրաքաղաք Երևանը անվանվում է նաև «Վարդագույն քաղաք», քանի որ շենքերը կառուցված են վարդագույն քարով: Եթե դուք ցանկանում եք ընդլայնել ձեր ճանապարհորդությունների աշխարհագրությունը, ապա այն կարող է լինել 2021թ. ձեզ անհրաժեշտ ուղղությունը»,- ասված է հրապարակման մեջ:

Ցանկում ավիաընկերությունը ներառել է նաև Վերոնան, Վալենսիան, Թբիլիսին, Մարսելը, Կիևը և մի շարք այլ քաղաքներ: