Ադրբեջանը պետք է ՀՀ տարածքով հաղորդակցվի Նախիջեւանի հետ. Փաշինյան

Ադրբեջանը պետք է ՀՀ տարածքով հաղորդակցվի Նախիջեւանի հետ. Փաշինյան

Երեկ ուշ երեկոյան Հանրային հեռուստաընկերությունը եթեր արձակեց Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ վարչապետի հետ: Վերջինս չասաց՝ կայանալու՞ է 2021-ի նոյեմբերի 9-ին հանդիպում ՌԴ և ԱՀ նախագահների հետ, թե՞ ոչ, թեպետ ժամեր առաջ պաշտոնական Մոսկվան հաստատել էր լուրը՝ Պուտինի մամուլի քարտուղարն էր ասել, որ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում լինելու է: Հարցին՝ կարելի՞ է միջանցքների տրամադրման հարցը փակված համարել, քանի որ ՌԴ փոխվարչապետն օրերս հայտարարել էր, որ ճանապարհները գործելու են պետությունների սուվերեն հսկողության ներքո, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այդպիսի հարց, ըստ էության, չի էլ եղել:
«Մեր ընկալումն այն է, որ այո, Ադրբեջանը պետք է ՀՀ տարածքով, ՀՀ սուվերեն ճանապարհներով հաղորդակցվի Նախիջեւանի հետ, որին մենք պատրաստ ենք, Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի եւ Իրանի հետ հաղորդակցվելու հնարավորություն պետք է ունենա: Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի Հայաստանն իր տարածքում, Ադրբեջանն իր տարածքում: Նաեւ ավտոմոբիլային ճանապարհներ: Աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր հնարավոր ուղիները, նաեւ Ռուսաստան, Իրան հասանելիության ուղիները: Մենք հիմա պետք է քննարկումներով գանք համաձայնության այդ երթուղիների վերաբերյալ»,-ասել է Վարչապետը: