Ադրբեջանի արածն ընկալելի է, Հայաստանինը՝ ոչ

Ադրբեջանի արածն ընկալելի է, Հայաստանինը՝ ոչ

Ինքնիշխան Հայաստանի տարածքներ ներխուժելով պաշտոնական Բաքուն իր կարծիքով փորձում է լուծել ծավալական խնդիր. այն է՝ սահմանազատման, սահմանագծման, և որ ամենակարևորն է՝ սահմանների փոխադարձ ճանաչման հնարավոր գործընթացներից առաջ հնարավորինս շատ տարածքներ գրավել:
Ի՞նչ խնդիր է լուծում պաշտոնական Երևանը, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու գործընթացը հալած յուղի տեղ ընդունելով: Առաջին հայացքից, սա ձեռնտու կարող է լինել ՀՀ ներկայիս իշխանությանը՝ ցույց տալու համար, թե եթե մի քիչ էլ ուշացնենք Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների լուծումը, ապա Բաքուն ավելի առաջ կգա, և ավելի ծանր պայմաններում ստիպված կլինենք փաստաթղթեր ստորագրել: Ըստ էության, սա է Նիկոլ Փաշինյանի լոյալության պատճառը: Եվ սա է Ալիևի հետ համագործակցության ու դավաճանության կասկածի հիմք տվող պահվածքը. որտեղ անհրաժեշտ էր հրատապ փաստաթուղթ ստորագրել, որ պատերազմն օր առաջ կանգնեցվեր և գոնե Շուշին ու Հադրութը չհանձնեինք ու կյանքեր փրկեինք, դա չարվեց: Իսկ որտեղ պետք է հապաղել, ժամանակ շահել, պետության մեջքն ուղղել, նոր բանակցել, Փաշինյանն ի հեճուկս երևի ընդդիմության, կամա, թե ակամա, ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին, սպասարկում այդ երկրի օրակարգը:
Ադրբեջանի քայլերն այսպիսով, գոնե տեղավորվում են այդ երկրի շահերը պաշտպանելու տրամաբանության մեջ, ինչն, ավաղ, անհնար է ասել ՀՀ երիտիշխանությունների մասին…

Նանե ՄակուչյաՆ