ԱԺ-ն հրատապ փակ նիստով քննարկում է սահմանային հարցերը

ԱԺ-ն հրատապ փակ նիստով քննարկում է սահմանային հարցերը

Այս պահին ԱԺ-ում փակ նիստ է: Քննարկվում են ՀՀ անվտանգային հարցերը: Նիստը հրավիրվել է ընդդիմության պահանջով, ԱԺ 1/5-ի քվեարկման արդյունքում: Հիշեցնենք, այսպիսի քննարկում անցկացնելու և ուժայիններից ու Արտգործնախարարից պարզաբանումներ ստանալու նախաձեռնությամբ ընդդիմադիր ֆրակցիաները հանդես էին եկել դեռ շաբաթներ առաջ, մինչդեռ նիստ հրավիրել հաջողվել է միայն այսօր:
Այս պահին ԱԺ-ում են և պատգամավորների հարցերին են պատասխանում Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալյանը: Չնայած ընդդիմադիր պատգամավորների պահանջին, այսօրվա նիստին ներկա չէ Արտաքին գործերի նախարարը. Կառավարությունը հարմար չի նկատել նրան գործուղել ԱԺ:
Հիշեցնենք՝ ըստ մի շարք աղբյուրների, նոյեմբերի 9-ին սպասվում է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում, որի ընթացքում, ըստ ամենայնի, կստորագրվեն փաստաթղթեր: Դրանց բովանդակությունը գաղտնի է պահվում, հայտնի է միայն, որ դրանք հավանաբար կվերաբերեն սահմանագծման-սահմանազատման, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների՝ միմյանց սահմանները ճանաչելու և տրանսպորտային հաղորդակցությունների խնդիրներին: