ԱՄՆ-ը ակտիվանու՞մ է Հարավային Կովկասում

ԱՄՆ-ը ակտիվանու՞մ է Հարավային Կովկասում

Վերջին օրերին ակտիվացել են ԱՄՆ ջանքերը Հարավային Կովկասի խնդիրների լուծման առումով:
Նախ, Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան ու հանդիպումներն իշխանավորների, ընդհուպ՝ ՀՀ վարչապետի հետ /ինչպես հայտնի է, Վրաստանը ստանձնել է երկու հարևանների խնդիրների լուծման ամերկյան ջանքերի տեղայնացման առաքելություն/:
Այսօր էլ հայտնի դարձավ, որ Հայաստանում է և Վրաստան ու Ադրբեջան էլ կայցելի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Հայաստանում մասնակցում է նաև տարածաշրջանային համաժողովի, որին ներկա են նաև Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները, կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատուն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենը։ Հաղորդվում է, որ Օլսոնը նշել է, թե ուրախ են վերականգնելու տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի գործընկերների հետ հավաքվելու ավանդույթը, ինչը թույլ կտա առավել լավ համակարգել Միացյալ Նահանգների քաղաքականությունը տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ։
Արդեն կայացել է նաև ՀՀ ԱԳ նախարարի հետ պետքարտուղարի փոխտեղակալի հանդիպումը: Վերջինս կրկին ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ և անհրաժեշտ է համարել խնդրի համապարփակ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Երեկ էլ մամուլն էր անդրադարձել, որ դեսպանատան իր էջում ԱՄՆ-ը ներկայացել է իբրև Հայաստանի Հանրապետության ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ գործընկեր:
Ուստի ակնհայտ է, որ հատկապես Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տորպեդահարվող 3+3 ձևաչափով/Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան և Վրաստան/ համագործակցության ֆոնին ԱՄՆ-ն իր հերթին բացեիաբաց ակնարկում է, որ ինքը ևս Հարավային Կովկասում անելիք ունի և անում է…

Նանե Մակուչյան