ԱՄՆ պետքարտուղարություն. կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դրսևորել զսպվածություն

ԱՄՆ պետքարտուղարություն. կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դրսևորել զսպվածություն

Հայաստանի արևմտյան գործընկերները՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, թե հետևում են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ կոչ անելով հարգել հավաքների իրավունքն ու միաժամանակ զսպվածություն ցուցաբերել։

Ժամեր առաջ հանդես գալով լրագրողների առջև՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը դիմեց թե՛ Հայաստանի իշխանությանը, թե՛ ընդդիմությանը. «Մենք լիովին աջակցում ենք ազատ կամարտահայտման և խաղաղ հավաքների հիմնարար իրավունքը։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ ձևով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին՝ զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»։

Նույն ուղերձը կրկնեց նաև Երևանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը։ Դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր ընդգծեց՝ Բրյուսելի գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։

«Այո, հետևում ենք [Հայաստանի ներքին] իրավիճակին։ Ականատես եղանք որոշ լարված իրավիճակների, որոնց ժամանակ տպավորություն ստացա, որ պետք է հարցեր բարձրացնել, ուղիղ կերպով բարձրացնել, և ես դա արեցի։ Հստակ հայտարարություն արեցի, որ ոստիկանությունը պետք է հետևի բոլոր կանոններին, ոստիկանությունն ու իրավապահ մարմինները չպետք է լինեն անպատժելի։ Այս ամենին պետք է հետևել։ Մյուս կողմից, կասեի, որ կարող են տարբեր ընկալումներ լինել, թե որոնք են խաղաղ հավաքները, և եթե առկա են սադրանքներ, ինքս ինձ հարց կտամ՝ որտե՞ղ են այդ սադրանքներն ավարտվում։ Բայց սա որոշման հարց է», — նշեց ԵՄ դեսպանը։

Քաղաքական առումով շատ կարևոր է աջակցել Սյունիքին. ԵՄ դեսպան

Լրագրողներին հանդիպելով Հայաստանի ու Եվրոպական Միության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ Անդրեա Վիկտորինը խոսեց նաև անցած ամռանը Բրյուսելի կողմից Հայաստանի համար նախատեսված 2.6 միլիարդ եվրո աջակցության փաթեթի մասին, թե «քրտնաջան աշխատանք» է տարվում այդ ուղղությամբ։ Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի կառուցման մասով գործընթացը տեխնիկա-տնտեսական հիմնավորումների կազմման փուլում է, «Կանաչ Երևան» ծրագրի շրջանակում արդեն համաձայնագիր է կնքվել «կանաչ ավոտբուսների» առաջին խմբաքանակի ներկրման վերաբերյալ, երկրորդ խմբաքանակը սպասվում է գարնանը։

«Գործերն առաջ են ընթանում, և մենք շատ ներգրավված ենք։ Կարծում եմ, նաև քաղաքական առումով շատ կարևոր է, որ տարբեր ուղղություններով աջակցում ենք Սյունիքին։ Այս աջակցությունը չի վերաբերում միայն ավտոմայրուղուն, այն ուղղված է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը, կրթությանը», — նշեց Վիկտորինը։

Եվրամիության դեսպանին խնդրեցինք մանրամասնել՝ ինչո՞ւ է Սյունիքին աջակցելը քաղաքականապես կարևոր։ Վիտորինը հիշատակեց անցած տարվա մայիսին Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումը։

«Ինչ փորձում ենք անել և արել ենք միասին անցած տարի, երբ մայիսին ականատես եղանք առաջին ներխուժումներին… [Երևանում հավատարմագրված] Եվրամիության անդամ-երկրների բոլոր դեսպանները այցելեցին Սյունիք՝ ուղերձ հղելով, որ հտևում ենք իրավիճակին։ Որոշակի բաներ կան, որոնք պետք է քննարկել Ադրբեջանի հետ։ Մենք կարող ենք աջակցել։ Այն ինչ մենք կարող ենք անել՝ աջակցելն է, և սա առաջարկվել է, ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նամակ գրեց նախագահ Ալիևին ու վարչապետ Փաշինյանին, որ առաջարկում ենք մեր ծառայությունները, որոնք կարող են լինել փորձագիտական բնույթի կամ վերաբերել սահմանային իրավիճակին։ Քննարկումները շարունակվում են, և հույս ունեմ, որ դրական արդյունքի կհանգեցնեն», — ասաց ԵՄ դեսպանը։

Եվրամիության դեսպանը վերստին ընդգծեց, որ Բրյուսելը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու պատրաստ է կողմերին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն արդեն մի քանի հանդիպում են ունեցել Բրյուսելում՝ պայմանավորվելով բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ, ինչպես նաև սահմանազատման հանձնաժողով ձևավորել։ Առայժմ, սակայն, այս ուղղությամբ հստակ առաջընթաց չի արձանագրվել։

«Ազատություն» ռադիոկայան