Ամֆիթատրոնով միակ համայնքը. Նորաբաց

Ամֆիթատրոնով միակ համայնքը. Նորաբաց

Արարատի մարզի Նորաբաց համայնքն ունի ավելի քան մեկ դարի պատմություն: 101 տարի առաջ այն հիմնել են Նախիջևանի Գողթան գավառից արտագաղթած մեր հայրենակիցները: Այստեղ պահպանվում են թե՛ ավանդական արժեքները, թե՛ նոր ավանդույթներ են հաստատվում: Համայնքն ունի ամֆիթատրոն, որտեղ բեմականավացվում են պրոֆեսիոնալ ներկայացումներ: Վերանորոգված և բարեկարգ են դպրոցը, մանկապարտեզը, վերջինն ունի երեխաների բոլոր տարիքային խմբերի համար նախատեսված բաժիններ:

2021 թ.-ից այստեղ սկսվել են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ: Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է 1 կմ, 80 մ երկարությամբ ճանապարհահատված, որով ավարտվում է համայնքի կենտրոնական փողոցների ասֆալտապատումը: Հաջորդը երկրորդական փողոցներն են:

Ավարտին է մոտենում նաև լուսադիոդային (LED) լամպերով փողոցային լուսավորության համակարգի տեղադրումը, ինչը հնարավորություն կընձեռի էլեկտրաէներգիայի խնայման միջոցով ավելացնել գիշերային լուսավորության ժամերը:

Համայնքն ունի ոռոգման համակարգի արդիականացման անհրաժեշտություն, ինչի ուղղությամբ այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում: Նախատեսված է նաև սպորտային խոշոր համալիրի կառուցում՝ Նորաբացի երիտասարդների առողջ ապրելակերպը խթանելու նպատակով:

Նորաբաց համայնքն, ի թիվս այլ գյուղական բնակավայրերի, ընդգրկված է համայնքների խոշորացման կառավարական ծրագրում. այն միանալու է Մասիս համայնքին: