Առաջ անցնելը դեռ հաղթանակ չէ

Առաջ անցնելը դեռ հաղթանակ չէ

Երեկ հանրապետության մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները շատերի համար ոչ միանշանակ են ընկալվել: Մի մասն ասում է, թե դրանցում մեծամասամբ հաղթել է Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը, մյուսը վկայում է ՔՊ-ի պարտության մասին:

Այսպես, խոշորացված համայնքների մի զգալի մասում իշխող ուժը մեծ տարբերությամբ պարտություն է կրել ընդդիմությունից: Բայց մի շարք համայնքներում էլ ՔՊ-ն առաջ է անցել: Խնդիրն այն է, որ ըստ օրենսդրական կարգավորումների, առաջ անցնել դեռ չի նշանակում հաղթել այն առումով, որ կարողանաս համայնքի ղեկավար նշանակել: Սրա համար անհրաժեշտ է, որ առավել ձայներ հավաքած ուժն ունենա 50+1 տոկոս ձայն: Հակառակ պարագային, եթե այսպես ասած՝ հաղթած ուժը չի ունենում ձայների կեսից ավելին, ապա իշխանություն ձևավորում են ընտրություններում երկրորդ, երրորդ առավելագույն ձայներ հավաքած ուժերը, եթե վերջիններս կոալիցիա են կազմում:

Այսպիսի միավորման մասին հայտարարություններ այսօր արդեն մի քանի համայնքներից հնչել են, երբ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող ընդդիմադիր ուժերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել, ինչը նշանակում է, որ նույնիսկ ձայների հաշվարկով առաջ անցած, բայց 50+1 տոկոսից քիչ ձայներ հավաքած ՔՊ-ն չի կարող համայնքապետ նշանակել:

Ուստի, ձայների հաշվարկում առաջ անցնելը դեռևս հաղթանակ տանել չի նշանակում:

Նանե Մակուչյան