Արմանն այսօր կդառնար 21 տարեկան

Արմանն այսօր կդառնար 21 տարեկան

Այսօր` սեպտեմբերի 20֊ին, սերժանտ Արման Վաղարմենի Մալխասյանը կդառնար 21 տարեկան։ Հերոս հայորդին ծնվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող էր, երբ զորակոչվեց Հայոց բանակ։ Ավագ եղբոր՝ նույն բուհի ուսանող Արթուրի հետ ծառայում էր Հադրութի զորամասում։ Եղբայրը տարկետման իրավունք ուներ, բայց կամավոր դիմել էր ժամկետից շուտ ծառայության մեկնելու։ Դեռ մանկուց, ոգեշնչվելով մշեցի պապերի մասին պատմություններով, աչքի առաջ ունենալով ազատամարտիկ, ապա հայոց բանակի սպա հորեղբոր օրինակը, լինելով պրպտուն մտքի տեր, հայրենասիրական ոգով էր տոգորված Արմանը։ 5-6-րդ դասարաններում հայրենիքին, մայր եկեղեցուն, հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններ էր գրել՝ սահյանական ու սևակյան ոգով… Կազմակերպչական ջիղ ուներ։ Զինակից ընկերների հետ դիրքերում նախորդ զորակոչի սարքած մատուռը վերանորոգել էր։ Սրբավայրի կողքին էլ սպիտակ քարերով մեծ խաչ էր սարքել ու գրել. “Աստված պահապան բոլոր դիրքապահներին”։ Ինչ իմանար, որ իրենց արյամբ էր վիճակված պաշտպանել սուրբ մատուռն ու հայրենի հողը։
Հունվարին Արմանը եղբոր հետ տուն էր վերադառնալու, բայց ավաղ… Իր ծննդյան 20-ամյակը բոլորելուց մեկ շաբաթ անց սկսվեց չարաբաստիկ պատերազմը։
Մի շարք ծանր մարտերի միջով անցնելով՝ տարբեր դիրքեր պաշտպանող եղբայրները միացել էին իրենց դասակներով նույն տարածքում։ Ավաղ, հոկտեմբերի 14-ի մարտը վերջինը եղավ դիրքի ավագ Արմանի համար։ Միշտ օգնության հասնող Արմանը փորձել էր փրկել վիրավոր մարտական ընկերոջը՝ վերինգետաշենցի Էդգար Բաղդասարյանին թշնամու արկերի տեղատարափի տակ…
Սակայն իր սխրանքով իմացյալ մահով անմահացած հերոս հայորդիների շարքին միացավ. չփրկվեցին թե ինքը, թե Էդգարը…
Արման Մալխասյանը հետմահու պարգևատրվել է Արցախի հանրապետության “Մարտական ծառայություն” մեդալով։
Վաղաշեն գյուղը, սկսած 1990֊ականներից, ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախյան ազատամարտին։ 2020 թ. 44֊օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանությանը մասնակցած վաղաշենցիներից 9֊ը չվերադարձան։ Գյուղի գերեզմանատանը հերոսների ընտանիքները հուշակոթող են կանգնեցրել ի հիշատակ և հավերժություն բոլոր անմահ հայորդիների։