Բացվող բոլոր ճանապարհները գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. Փաշինյան

Բացվող բոլոր ճանապարհները գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. Փաշինյան

 ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ հանդիպմանն այսօր ՀՀ վարչապետը անդրադարձել է  Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային հաղորդուղիների բացման, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի խնդիրներին` կարևորելով միջազգային հանրության աջակցությունը,-հաղորդում է կառավարությունը:

Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, և բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. «միջանցքային» որևէ տրամաբանություն չի կարող լինել, և սա համընդհանուր ընկալում է, -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատել է՝ դեռևս բաց է մնում 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը, ինչի կապակցությամբ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ:

«Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մշտադիտարկման և արագ արձագանքման մեխանիզմների լավարկման շուրջ, ինչը կբարձրացնի կազմակերպության գործունեության և անդամ երկրների անվտանգային մարտահրավերների սպասարկման արդյունավետությունը», — ասված է հաղորդագրության մեջ: