Բաքուն հրաժարվել է արտգործնախարարների հանդիպումից՝ «հայկական կողմի սադրանքի» պատճառով

Բաքուն հրաժարվել է արտգործնախարարների հանդիպումից՝ «հայկական կողմի սադրանքի» պատճառով

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Ստոկհոլմում նախանշված՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը չի կայացել, որովհետև «Դեկտեմբերի 3-ին նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ Հայաստանը սադրանք է իրականացրել, մասնավորապես՝ Հայաստանի խորհրդարանականների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքներ ապօրինի այցի տեսքով։ Ուստի, ադրբեջանական կողմը, ի պատասխան Հայաստանի այդ սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկացումը»:

Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Ստեփանակերտ է գործուղվել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի կարգադրությամբ՝ դեկտեմբերի 3-ից 5-ը Ստեփանակերտում համատեղ խորհրդարանական լսումների կապակցությամբ։ Համաձայն ԱԺ պաշտոնական կայքում զետեղված սույն կարգադրության՝ Արցախ են մեկնել Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Կնյազ Հասանովը, Էլինար Վարդանյանն ու այլոք:

Իրականում հնարավոր է, որ սա երկու արտգործնախարարների հանդիպումը վիժեցնելու ոչ թե պատճառ է, այլ՝ պատրվակ: Չի բացառվում, որ այս քայլով Բաքուն փորձում է խանգարել Հայաստան-Ադրբեջան երկխոսության՝ եվրոպական ջանքերը՝ այս կերպ առավելությունը տալով Կրեմլի միջնորդական փորձերին: