Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ «Ենթամշակույթը և բռնությունը քրեակատարողական հիմնարկում. Հայաստան, Վրաստան եւ Գերմանիա» թեմայով ապրիլի 28-29-ին հրավիրել է երկօրյա գիտաժողով:
Քյոլնի համալսարանի կրիմինալոգիայի ինստիտուտի տնօրեն պրոֆ. դր. Ֆրանկ Նոյբախերն իր զեկույցում անդրադարձավ Գերմանիայի քրեակատարողական հիմնարկներում ենթամշակույթին, կոռուպցիոն երեւույթներին: Նա նշեց, որ Գերմանիայում կոռուպցիայի դեպքերը չեն հանրայնացվում, շատ քիչ են դատավճիռները, որոնք վերաբերում են կոռուպցիային: Տնտեսական հանցագործությունները, ըստ նրա, կազմում են մեկ տոկոսը:
Ֆրանկ Նոյբախերի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
-Ի՞նչ հետեւանքներ է ունենում դատական սխալ ակտը Գերմանիայում, որի պատճառով խեղվում են մարդկային ճակատագրեր, մարդիկ տարիներով հայտնվում են անազատության մեջ, հետո` արդարացվում:
-Նախ եւ առաջ հարուցվում է դատական վարույթ: Պետք է պարզել` իրո՞ք դա տեղի է ունեցել իրավական նորմերի խախտմամբ, կատարվե՞լ է դիտավորյալ: Եվ միայն դատական վարույթի ընթացքում, երբ պարզվի, որ ոչ պատշաճ արդարադատություն է իրականացվել, տվյալ դատավորը կարող է ենթարկվել պատասխանատվության: Եթե սխալ դատական ակտ է եղել, ապա դատավորը միանշանակ ենթարկվում է պատասխանատվության: Գերմանական մշակույթին հղում անելով` կարող եմ ասել, որ նման դեպքերն այնքան քիչ են, որ դրանց մասին չեն բարձրաձայնում:
-Ո՞ր դեպքերում են Գերմանիայում ազատազրկվածների նկատմամբ կիրառում համաներում, ի՞նչ հանգամանքներ են հաշվի առնվում:
-1989թ., դեռեւս Բեռլինյան պատի փլուզումից առաջ, ԳԴՀ-ում տեղի է ունեցել համաներում, որի շրջանակներում փորձել են այն ժամանակվա քաղաքական ճնշումները փոքրիշատե մեղմել: Բացի դրանից, տեղի է ունեցել նաեւ համաներման երկրորդ ալիք: Եթե առաջին ալիքով ազատեցին համեմատաբար ծանր հանցագործություններ կատարած անձանց, ապա երկրորդ ալիքով ազատեցին միջին եւ թեթեւ հանցագործություն կատարած անձանց, օրինակ` գողության համար ազատազրկվածներին: Այդ համաներումը համագերմանական էր եւ հիշվող: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կիրառվում է նաեւ ներում, բայց դա վերաբերում է անհատական դեպքերին:
-Իսկ պատժի անհատականացումը ո՞ր դեպքերում է կիրառվում:
-Պատժի անհատականացմամբ զբաղվում են դատավորները:
-Գերմանիայում ո՞ր գործերով են հիմնականում քաղաքացիները ներպետական ատյանները սպառելուց հետո դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ հաղթում:
— ՄԻԵԴ-ում կար, օրինակ, մի գործ, որի դեպքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեմ կայացվեց որոշում: Դա վերաբերում էր դատապարտյալին խցում մերկ պահելուն` ելնելով անվտանգությունից: Հաջորդը տեղի է ունեցել Բայերնում, երբ բժիշկը թույլ է տվել ընդունելու հոգեներգործող այնպիսի դեղ, որը տվյալ անձը չպետք է ընդուներ: Շատ կարեւոր է Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերակատարությունը, քանի որ հենց քրեակատորղական հիմնարկներում են խախտվում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
-Իսկ Ձեզ բավարարո՞ւմ է Գերմանիայում պրոբացիոն ծառայության գործունեությունը:
-Պրոբացիոն ծառայությունը ներդրվել է պրակտիկայի ընթացքում, երբ դատավորները ազատազրկման հետ կապված պատժատեսակները փորձել են փոխարինել ազատազրկման հետ չկապված պատժատեսակներով: Պարտադիր չէ, որ մարդուն պատժենք ամենախիստ պատժատեսակով, որպեսզի համոզված լինենք նրա` պատժված լինելու հարցում: Բոլոր քրեագետներն այն կարծիքի են, որ որքան ծանր կամ խիստ է պատիժը, այնքան այն ավելի դաժան ազդեցություն է ունենում անձի հետագա կյանքում: Կարծում եմ, որ պատժի կրման այլընտրանքային տարբերակները միայն դրական ազդեցություն են ունենում:
Թագուհի Հակոբյան
