Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. ԵԽ պատգամավորներ

Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. ԵԽ պատգամավորներ

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ կոչ անելով օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:

Պատգամավորները հիշեցրել են, որ Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 16-ին հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով:

«Որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք դատապարտում ենք ադրբեջանական հարձակումը և ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը և լրջորեն վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից»,-ասված է նամակում:

Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ խորապես ցավում են հարձակման հետևանքով մարդկային կորուստների համար։ Նրանք շեշտել են՝ Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջաններում բնակչության անվտանգությունը, խաղաղ, բնականոն կյանքը և մարդու իրավունքները ոտնահարելուն ուղղված ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն պետք է անհապաղ դադարեցվի։

«Կոչ ենք անում ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանը օգտագործել իր բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունը»,-շեշտել են ԵԽ պատգամավորները:

17 պատգամավորների թվում են Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, կիպրացի պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն, գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը, հույն պատգամավոր Եվա Կաիլին և այլք: