Թալինում ընդդիմադիր ուժը հրաժարվում է մանդատներից. ի՞նչ է տեղի ունեցել

Թալինում ընդդիմադիր ուժը հրաժարվում է մանդատներից. ի՞նչ է տեղի ունեցել

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Ինչպես հայտնի է, ՔՊ-ն Տավրոս Սափեյանի գլխավորությամբ Թալինում չի հաղթահարել 50 տոկոսի շեմը, ընտրություններից երկու օր անց մասնակից երեք ուժերը՝ Արա Զոհրաբյանի «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը հայտարարեցին համագործակցության մասին, հրապարակեցին նաեւ քաղաքապետի թեկնածուի անունը՝ ի դեմս Թալինի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Գրիգորյանի, որը գլխավորում է «Հայք» կուսակցության ցուցակը։ Ավագանու 21 մանդատից՝ Զարթոնքը ստանալու է 6, Հայքը՝ 3, Մեր համայնքը՝ 2 մանդատ՝ ընդհանուր ունենալով 11 մանդատ ավագանիում, իսկ ՔՊ-ին բաժին է հասնելու 10 մանդատ: Դեկտեմբերի 13-ին տեղի կունենա մանդատների բաշխում, որից հետո՝ 17-ին կգումարվի նորընտիր ավագանու առաջին նիստը:

Մի քանի օր է մեզ տեղեկություններ էին հասնում, որ իշխանությունը  ճնշումների եւ սպառնալիքների միջոցով փորձում է Թալինում իր պարտությունը հաղթանակի փոխակերպել, իր կրիմինալ հենարաններից մեկի՝ Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի միջոցով ազդել Հայք-ի թեկնածու Կարեն Գրիգորյանի վրա, ստիպել աջակցել ՔՊ-ին, կամ էլ այլընտրանքային տարբերակ առաջարկել՝ չմասնակցել ավագանու նիստին, որին պետք է քաղաքապետ ընտրել:

Այսպիսով՝ իշխանության աշխատանքները տվեցին իրենց արդյունքները, զոռբայությամբ նվաճեցին իշխանությունը, քիչ առաջ Կարեն Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է մանդատներից հրաժարվելու մասին.

««Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով՝ Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից։ Թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ»» գրել է նա: