«Աստղիկ» ԲԿ-ում հասկանու՞մ են՝  ինչ է որակը

«Աստղիկ» ԲԿ-ում հասկանու՞մ են՝ ինչ է որակը

Երբևիցէ չէի դիմել «Աստղիկ» բժշկական կենտրոն, թեև ապրածս 51 տարիների ընթացքում բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն քանիցս եղել է: Ինչ-որ բան վանում էր, թեև գիտեի, որ այնտեղ արհեստավարժ բժիշկներ կան աշխատող:

Այժմ վստահաբար կարող եմ ասել, որ իմ ներքին զգացողությունն ինձ չէր ստում:

Դիմածնոտային մի խնդրով խորհուրդ տվեցին դիմել սույն հաստատության համապատասխան բաժին: Անհրաժեշտություն ծագեց համակարգչային տոմոգրաֆիա անցնելու, որի համար թղթագրական հարցեր ունեի լուծելու: Պայմանավորվեցինք կոնկրետ օր, երբ պետք է վերցնեի արդեն գրված կոնսուլտացիոն թերթիկը: Մինչ կհասնեի հիվանդանոց, սաստիկ տապից արյան զարկերակային ճնշումս ընկավ, ուստի զանգահարեցի ԲԿ-ի հեռախոսահամարով և խնդրեցի, հաշվի առնելով այս հանգամանքը, իրենք մոտեցնեն ինձ: Հեռախոսավարուհին ասաց, որ պետք է խոսել  «որակ»-ի բաժնի աշխատակցի հետ և միացրեց վերջինիս:

Տարրական դաստիարակության բացակայություն՝ «որակ»-ի ամպագորգոռ անվան ներքո

Աշխատակցուհին, որի անունը, ցավոք, ճշտել չհաջողվեց, նույն  հարցը մի քանի անգամ կրկնել տալուց հետո, անթաքույց զարմանք հայտնեց՝ «մենք մոտեցնե՞նք»:

Դրական խնդրանք-պատասխանից հետո խիստ անբարյացակամ տոնով հրահանգեց՝ «սպասեք, կզանգեմ»: Մոտ 10-ը րոպե սպասելուց հետո կրկին զանգահարեցի: Նույն տիկինն արդեն դժկամության բազմապատկված տոնով ստեց, թե 1 րոպե առաջ եմ զանգահարել, ուստի ինքը դեռ չի կապվել բաժնի հետ, լսելու զրո պատրաստակամությամբ մի երկու բառ էլ նետեց ու անջատեց լսափողը: Հետո կրկին հեռախոսազանգեր, նորից տարբեր մարդկանց նույնը կրկնելու անհրաժեշտություն, նորից միացնել «որակի» բաժին և այլն:

Իսկ կարելի էր ընդամենն առաջարկել բժշկական օգնություն ցուցաբերել

Վերջին հեռախոսազրույցը, կրկին՝ «որակի» բաժնի հերթական աշխատակցի հետ, ավարտվեց վերջինիս կողմից սպառնալից հայտարարությամբ՝ «ինքներդ էլ եկեք, վերցրեք Ձեր թուղթը, մենք պարտավոր չենք Ձեզ մոտեցնել»: Թե ով էր պարտադրել, չգիտեմ…

ԲԿ-ի որակի ենթադրյալ պատասխանատուներից որևէ մեկն այդպես էլ մտքով չանցկացրեց, որ կարելի էր թեկուզև սեփական իմիջի համար առաջարկել բժշկական օգնություն ցուցաբերել: Չէ՞ որ ի վերջո հիվանդանոց է, որի մուտքի մոտ իրեն վատ զգացող մարդ կար, և այդ մասին իրենք տեղեկացան…

Մնում է տարակուսել՝ ով և ինչու է այսքան թերի ապահովում հիվանդանոցի կազմակերպչական աշխատանքները, որտեղ որակի անվան տակ միայն ցածրորակ խոսակցություններ են վարում, կշտամբում՝ ստվեր նետելով բազում պատրաստված և նվիրյալ բժշիկների մասնագիտական գործունեության ու ողջ հաստատության վրա:

Նանե Մակուչյան