ԱՄՆ նախագահի՝ նախօրեին կայացրած որոշումը՝ ռուսական էներգակիրների վրա էմբարգո դնելու մասին, տարատեսական մեկնաբանությունների առիթ է տվել: Աշխարհի վիճակն առանց ռուսական վառելիքի վերլուծում են համաշխարհային ուղեղային կենտրոնների փորձագետներից մինչև Հայաստանի շարքային քաղաքացիներ:
Որքա՞ն է համաշխարհային շուկայում Ռուսաստանի գազի և նավթի ծածկույթը, քանի տոկոսն է կազմում և ինչ կլինի պետությունների հետ, եթե նրանք հրաժարվեն ռուսական էներգակիրներից:
Ոչ մասնագիտական մակարդակում ենթադրություն, ոմանց մոտ էլ հրճվանք կա, թե հատկապես Եվրոպան ուր որ է սառչելու, եվրոպացիք՝ ցրտահարվելու են առանց ռուսական գազի: Ինչ իրական պատկեր է այս առումով. իրո՞ք նման հեռանկար կա:
Համաշխարհային տվյալներն ասում են, որ ոչ: Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ անշուշտ, եվրոպական երկրներից որոշները, օրինակ Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան, որոնք առավել զարգացած են արդյունաբերական առումով, ավելի մեծ կախում ունեն ռուսական էներգակիրներից: Առհասարակ Եվրոպայում ռուսական գազը տոկոսային հարաբերակցությամբ կազմում է մոտ 40 տոկոս: Մնացյալը ստացվում են սեփական հանքերից՝ մոտ 25 տոկոս: Հաջորդ 35 տոկոսը տարբեր երկրներից ստացվող միջոցներն են: Այս վերջին խմբին պատկանում են հենց եվրոպական երկրներից Նորվեգիան և Հոլանդիան, որոնք հեղուկ գազի լավ պաշարներ ունեն: Առհասարակ, գազի համաշխարհային շուկայում /խոսքը հեղուկացված գազի մասին չէ/ , առաջատարները 3-ն են՝ Ռուսաստան, Քաթար և Իրան: Հետո գալիս են Թուրքմենստանը, ԱՄՆ-ը, Սաուդիան Արաբիան:
Բնականաբար, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու դեպքում դրանք մանակրկտորեն հաշվարկվում և նոր որոշում են դառնում այն պետությունների ղեկավարների և մասնագետների կողմից, որոնք կիրառում են ռուսական վառելիքի էմբարգո: Պետք չէ կարծել, թե այդպիսի որոշումները կարող են չհաշվարկված լինել և որևէ լուրջ վտանգ սպառնալ իրենց երկրների քաղաքացիներին:
Եվրոպական երկրներում վաղուց հայեցակարգ կար էներգետիկ ոլորտում անցնել այսպես կոչված՝ կանաչ կամ վերականգնվող էներգիային: Դրանք այլընտրանքային էներգաղբյուրներն են՝ արևային, հողմային, միջուկային և այլն:
Եվ եթե Եվրոպական պետությունները միանան Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, ապա վստահաբար կարելի է ասել, որ նրանք շրջանցիկ ճանապարհ են գտել:
Ումի՞ց, եթե ոչ Ռուսաստանից, կարող են ներմուծել գազ Եվրոպայում
Օրինակ՝ Քաթարից, Ալժիրից և Իսրայելից: Եթե Իրանի վրայից հանվի էներգետիկ էմբարգոն, շատ հարմար է Իրանից հեղուկ գազի, որը գազատար խողովակաշար չի պահանջում, տեղափոխումը Եվրոպական մայրցամաք: Էներգակիր նավերով կարելի է այստեղից հեշտությամբ Պարսից ծոցով, Սուեզի ջրանցքով դուրս գալ Միջերկրական ծով և հասցնել Եվրոպա:
Ի՞նչ վնասներ կարող է կրել ԱՄՆ-ը՝ հրաժարվելով ռուսական էներգակիրներից
Նախ պետք է իմանալ, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանից գազ չէր ներկրում: Բացառությամբ՝ տարիներ առաջ որոշ նահանգներին պատած սաստիկ սառնամանիքի պարագան, երբ Տեխասի և այլ տարածքների համար որոշ չափով ռուսական հեղուկ գազ գնվեց: Ինչ վերաբերում է խողովակաշարով գազին, Ամերիկան երբեք նման եղանակով ՌԴ-ից գազ չի ստացել: ԱՄՆ-ը ինքն ունի բավականին գազի և նավթի պաշարներ, որոնց արդյունահանման ակտիվացման մասին խոսում էր իրենց նախկին նախագահ Թրամփը: Այժմ, կարծեք, Բայդենի վարչակազմն էլ է դիտարկում այդ ինքնաբավ տարբերակը:
Ինչ վերաբերում է նավթին, ապա ռուսական նավթից ավելի վենեսուելական նավթի պաշարներն են ԱՄՆ-ին մոտ, որոնք արգելափակվել էին այդ երկրի վարչակազմի՝ Մադուրոյի գլխավորությամբ, դեմ կիրառված սանկցիաներով: Այժմ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Վենեսուելայի հետ և կարծեք դրանք արդյունքներ են տալիս: Կանադան հսկայական էներգետիկ պաշարներ ունի, սա էլ է դիտարկվող տարբերակներից մեկը:
ԱՄՆ-ի վիճակն՝ այլընտրանքային էներգաաղբյուրների առումով և շրջանցելով ռուսականից կախվածությունն ավելի բարվոք է, քան Եվրոպական մայրցամաքի որոշ երկրներինը: Ռուսական էներգակիրներից ամենակախյալ վիճակում գտնվում են Գերմանիան, Ավստրիան, Իտալիան, Ֆինլանդիան և Հունգարիան, որոնք էլ մինչ այժմ վարանում են միանալ Նահանգների հայտարարած միջազգային սանկցիաներին: Թեև այդ պետությունները ևս կարող են այլընտրանքային՝ օրինակ՝ վերականգնվող էներգահամակարգի անցնել, բայց այսպես կոչված՝ կանաչ էներգոհամակարգը ժամանակ կպահանջի: Դրա համար էլ, օրինակ, Անգլիան հայտարարեց, որ մաս-մաս է հրաժարվում ռուսական էներգակիրներից: Թեև Մեծ Բրիտանիան Եվրոպական այն երկրներից է, որ սեփական լավ պաշարներն ունի իր տարածքում:
Մեկ բան ակնհայտ է. ռուսական ագրեսիան Ուկրաինայի հանդեպ այնքան է զայրացրել աշխարհին, որ նրա ներկայացուցիչները պատրաստ են անգամ իրենց պետությունների դժվարությունների գնով ստիպել Ռուսաստանին՝ դադարեցնել արյունահեղությունը:
Նանե Մակուչյան
