Ինչու՞ էր Վրաստանի վարչապետը եկել Հայաստան

Ինչու՞ էր Վրաստանի վարչապետը եկել Հայաստան

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Առաջին հայացքից, արտառոց ոչինչ չկա սրանում: Մինչդեռ եթե նկատի առնենք, որ այցի նախորդ օրը Բաթումիում բնակելի շենք էր փլուզվել, և զոհերի ու վիրավորների պատճառ դարձել, դժվար թե երկրի վարչապետը, եթե լրջագույն առաքելություն չունենար, Բաթում այցելելու փոխարեն ուղղություն վերցներ դեպի Երևան:

Ի դեպ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում նախ ցավակցել, ապա շնորհակալություն էր հայտնել Ղարիբաշվիլուն՝ արտակարգ իրավիճակի պայմաններում Հայաստան այցը չչեղարկելու համար: Եվ ուրեմն ո՞րն էր այցի նպատակը: ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունն այս մասին հիշատակում է միայն, թե զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները: Նաև, որ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: «Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը»,-նշված է հաղորդագրությունում: Ինչպես կասեր դասականը՝ «իրո՞ք»: Բոլորովին վերջերս պաշտոնական այցով Վրաստանում գտնված Փաշինյանն այդ հարցերը չէ՞ր քննարկել:

Ուստի պետք է ենթադրել, որ հարևան երկրի վարչապետի այցը նպատակ ուներ շարունակելու Վրաստանի՝ հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդական առաքելությունը: Ընդ որում հանձնառություն, որը բնավ էլ կամ ոչ այդքան Վրաստանի բարի կամքի դրսևորումն է, այլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ակտիվ դերակատարության արգասիքը:

Ի դեպ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին է Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում նախօրեին հայտարարել, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ակտիվ հաղորդակցություն է ընթանում:

«Վրաստանի միջնորդության շնորհիվ կարևոր արդյունք է գրանցվել»,-ասել է Զալկալիանին՝ հույս հայտնելով, որ Եվրոպայի և ԱՄՆ ակտիվ աջակցությամբ հետագայում ևս այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն։

Թե ինչ արդյունքի մասին է ակնարկում վրաց գլխավոր դիվանագետը և այդ ինչ «այլ քայլեր» են ձեռնարկվելու, մնում է միայն կռահել ու սպասել նոր անակնկալների: Որովհետև հերթական անգամ «կարևոր արդյունքների» մասին տեղեկանում ենք ոչ թե Հայաստանը բացախոսության բաստիոն դարձնելու խոստում տված ՀՀ իշխանություններից, այլ այսուայն հարևան երկրի պաշտոնյայի կցկտուր տեղեկությունների մասին մամուլի հրապարակումներից:

Նանե Մակուչյան