Լին Թրեյսիի հետ հանդիպումը կապ ունի՞ Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու որոշման հետ

Լին Թրեյսիի հետ հանդիպումը կապ ունի՞ Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու որոշման հետ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և Հայաստանում ԱՄՆ  դեսպան Լին Թրեյսիի միջև հունիսի 14-ին կայացած հանդիպումից օրեր անց պատգամավորը հայտարարեց մանդատը վայր դնելու և ԱԺ-ից հեռանալու մասին: Հավանաբար այս համընկնում էր առիթ դարձել, որ որոշ շրջանակներ Վանեցյանի հրաժարականը կապեցին դեսպան Թրեյսիի հետ հանդիպման հետ՝ իբր տիկին դեսպանն է հորդորել վայր դնել մանդատն ու դուրս գալ պայքարից:

Ուստի «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ և մամուլի քարտուղար Սոս Հակոբյանին խնդրեցինք մեկնաբանել՝ արդյոք նույն օրերին տեղի ունեցած հանդիպումը որևէ առնչություն ունի՞ պարոն Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու որոշման հետ, թե՝ ոչ:

«Իհարկե կապ չունի: Դեսպանի հետ հանդիպումը պայմանավորված էր ԱՄՆ կոնգրեսականների ժամանման հետ կապված հանդիպման պաշտոնական առաջարկը փոխանցելու հետ, որի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրի հարցեր»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ հանդիպումն անցել է շատ դրական, գործընկերային մթնոլորտում: