Կդիմի՞ Ռուսաստանը քիմիական զենքի կիրառման, թե՝ ոչ

Կդիմի՞ Ռուսաստանը քիմիական զենքի կիրառման, թե՝ ոչ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը,  ով այսօր Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի հրատապ նիստին, հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ քիմիական զենքի կիրառման սպառնալիքն «իրական է»։

Ինչու՞ է պետք վստահել Բայդենի կանխազգացմանը: Որովհետև պարզ հետահայաց ուսումնասիրությունները վկայում են, որ նրա հայտարարություններն իրականություն են դառնում: Այսպես՝ դեռ մինչ պատերազմը սկսելը, երբ Ռուսաստանը ծաղրում էր Արևմուտքին, թե հիստերիայի մեջ են, ու իբր ինքը չի պատրաստվում  պատերազմել, Ջո Բայդենն ասաց, թե ինքը առավել քան համոզված է՝ «Պուտինը պատերազմ է սկսելու»: Այդպես էլ եղավ:

Առանձին հարց է, որ այդ համոզմունքները չեն հիմնվում միայն ինտուիտիվ զգացումների վրա, այլ աշխարհի թիվ մեկ հետախուզական ծառայության՝ ամերիկյան CIA-ի՝ Կենտրոնական հետախուզական վարչության փոխանցած տվյալների վրա: Հենց նրա ինֆորմացիաներով է ասվում, որ Ռուսաստանը առնվազն չի հաղթում Ուկրաինայում, որը Բայդենի շուրթերով հնչեց՝ «Պուտինը փակուղում է, ուստի նա կարող է դիմել առավել ագրեսիվ միջոցների, ընդհուպ՝ քիմիական զենքի կիրառման»:

ԱՄՆ-ի հետախուզությունից հետո, բոլոր համաշխարհային տվյալներով 2-րդ տեղը զբաղեցնող՝ բրիտանական հետախուզությունը՝ MI6-ը, որ թարգմանաբար նշանակում է ռազմական հետախուզություն, ևս պնդում է, որ ռուսական ռազմական ուժերը կանգ առած վիճակում են: Արևմտյան բոլոր փորձագետները միաբերան պնդում են, որ բացի Խերսոնից, որի բնակչությունն ընդամենը մոտ 300 հազար է եղել, որևէ մեծ քաղաք ռուսներին չի հաջողվել գրավել: Մարիուպոլի և Խարկովի մարտերը շարունակվում են, իսկ Կիևի մոտից ուկրաինական ուժերին հաջողվել  է հեռու մղել ռուսական զորքին:

Նույնիսկ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն է CNN-ի Քրիստին Ամանպուրի հարցին, թե ինչ հաջողության է հասել Պուտինը Ուկրաինայում, պատասխանել, թե՝ առայժմ չի հասել:

Պատերազմն, ըստ ամերիկյան ու անգլիական պաշտոնաթող գեներալների, առանց պատշաճ հաշվարկի ու պատրաստության, միայն քանակի վրա հույս դնելով սանձազերծած Ռուսաստանը, ավելի ստույգ՝ նրա ներկայիս նախագահն, ըստ էության, վա-բանկ է գնում: Իսկ այդ դեպքում անկանխատեսելի զարգացումները գրեթե երաշխավորված են: Այդ իսկ պատճառով ԱՄՆ նախագահի հրամանով ռազմական պաշտոնյաներից բաղկացած խումբ է ձևավորվել, որը պետք է նախանշի Պուտինի կողմից Ուկրաինայում քիմիական զենքի գործադրման դեպքում հնարավոր զարգացումների ու հակազդեցության տարբեր սցենարները:

 

Նանե Մակուչյան