Կոմիտասի հողն ու երգը՝  Վարդաբլուրում

Կոմիտասի հողն ու երգը՝ Վարդաբլուրում

Առաջիկա մի քանի ամիսներին Լոռվա մարզի Գյուլագարակ համայնքի արվեստասերները առիթ կունենան ապրելու մշակութային հագեցած առօրյայով: Սեպտեմբերի 18-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ Գյուլագարակի համայնքապետարանի դահլիճում մեկնարկեց «Կոմիտաս. հողը եւ երգը » նախագիծը, որի ժամանակ իրենց դիտարկումները մասնակիցներին ներկայացրին Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը, արվեստաբան Մարինե Կարոյանը, արվեստագետներ Գոռ Մելքումյանը, Վահրամ Գալստյանը, Անուշ Ղուկասյանը, համերգով հանդես եկավ «Արար » երգչախումբը: Իսկ համայնքի արվեստասերներից Մուշեղ Այվազյանը կատարեց Կոմիտասի Լոռվա գութաներգը: Կոմիտասի հողն ու երգը խեցեգործությունն ու երգեցողությունն են: Խեցեգործությունը գալիս է Կոմիտասի ծննդավայր Քյոթահիայից եւ նախորդ դար սկզբին տարածվել Վարդաբլուրում ու շրջակա գյուղերով մեկ, քանի որ մոտակայքում կային կավի պաշարներ: Իսկ երգը Կոմիտասի ոգին ու ապրելակերպն էր խորհրդանշում:
Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա ԺԱԻ-ի հերթական՝ համայնքային արվեստի նախագիծն է, որը երկարաժամկետ նպատակներ ունի Գյուլագարակ համայնքում, մասնավորապես՝ Վարդաբլուր գյուղում, օգտագործել այդտեղի հետ կապված պատմական հիշողությունը, լեգենդները, աշխուժացնել գյուղի մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքը:
«Փաստորեն այդ գյուղը՝ Վարդաբլուրը, 20-րդ դարի սկզբի համար կարեւոր գյուղ է եղել, որովհետեւ մեր մեծերը՝ Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը, Անդրանիկը, եկել են այդ գյուղ, մնացել եւ ինչ-որ հետքեր թողել: Նրանց մասին կան պատմություններ: Մեր նախագիծը սկսում է շատ որոշակի մեկնարկային տարրերով, ուզում ենք բացել երկու արվեստանոց՝ խեցեգործության եւ երգեցողության, երկուսն էլ կապված են Կոմիտասի անձի եւ գործունեության հետ եւ ուզում ենք այդ արվեստանոցներն աշխատեցնելու միջոցով ծանոթանալ համայնքում ապրողների հետ, սկսել մշակութային կյանքի հետ կապված քայլեր կատարել եւ հետագայում զարգացնել նախագիծն այլ տարրեր ավելացնելով, ներգրավել ներդրումներ կատարող այլ շրջանակներ, որոնք մեր ձեռնարկները կզարգացնեն դեպի տնտեսություն, հաղորդակցություն, տուրիզմ եւ այլն: Նպատակը Վարդաբլուր գյուղին իր համբավին վայել մշակութային կյանքը վերադարձնելն է »,-նշեց Նազարեթ Կարոյանը:

Թագուհի Հակոբյան