«Հինգ  մայրցամաքներ »-ից մինչեւ Երեւանի Գյոթեի կենտրոն.  բացվեց Ադոլֆ Դիռի ցուցահանդեսը

«Հինգ մայրցամաքներ »-ից մինչեւ Երեւանի Գյոթեի կենտրոն. բացվեց Ադոլֆ Դիռի ցուցահանդեսը

Սեպտեմբերի 23-ին Վրաստանի Գյոթե ինստիտուտի, պետական գրականության թանգարանի եւ Մյունխենի «Հինգ մայրցամաքներ » թանգարանի հետ համագործակցության արդյունքում Երեւանի Գյոթեի կենտրոնում բացվեց լեզվագետ, ազգագրագետ եւ լուսանկարիչ Ադոլֆ Դիռի լուսանկարների ցուցահանդեսը: Նախքան Հայաստան բերվելն ու ցուցադրվելն այդ լուսանկարները ցուցադրվել են Վրաստանի գրականության պետական թանգարանում: Ադոլֆ Դիռի Կովկասում կատարած լուսանկարները պահպանվում են «Հինգ մայրցամաքներ » թանգարանում, որտեղ նա մինչեւ իր կյանքի վերջն աշխատել է որպես ֆոնդապահ: Լուսանկարներում պատկերված են մարդիկ այն շրջաններից, որտեղ նա ճամփորդել է ՝ իրենց հագուտով ու զարդերով եւ այլ աքսեսուարներով, ինչպես, օրինակ, զենքերով: Դիռը, սակայն, նրանց ներկայացրել է նաեւ որպես «Կովկասի ժողովուրդների տիպեր», ինչպես, օրինակ, ինգիլոներ (վրացիների ենթախմբեր Զաքաթալայի շրջանից), վրացիներ (Թիֆլիսի մոտակայքից), Աջարներ, Թուշեր (լեռնային վրացիներ), Քյուրիներ (Քուրախից), Ցովեր, Թուշեր, Հյուրքաններ (Խոջալ-Մախի աուլից), վրացիներ (Ռաչայից), Մեգրելներ, Լազեր (Աթինայից), Աբխազներ, Թալիշներ, Օսեր (Չիմիից, վրացական զինվորական ճանապարհի մոտ):
Ցուցահանդեսի համակարգող, Վրաստանի գրականության պետական թանգարանի տնօրեն Լաշա Բակրաձեի հետ բլից-զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
-Այսօր ի՞նչ տիպի գրականություն է ներկայացվում Վրաստանում, ո՞ր գրականությունն է պահանջված:
-Թբիլիսիի գրականության պետական թանգարանը, կարելի է ասել, վրացական գրականության արխիվն է, որն առկա է մեզ մոտ: Մեզ մոտ պահվում են վրացական գրականությանը վերաբերող արխիվային նյութերը: Մենք հաճախ ենք ներկայացնում ցուցահանդեսներ, անցյալ դարի 20-30-ական թվականների հեղինակների գործերին, Վրաստանում նրանց ծավալած շարժումներին վերաբերող ցուցահանդեսներ: Օրինակ՝ մենք ձեւավորում ենք նաեւ վեբ-կայքեր, որոնցում տեղադրվում են ահռելի քանակությամբ փաստաթղթեր, ձեռագրեր, որոնք վերաբերում են 20-30-ական թվականների վրացի հանրահայտ պոետներին: Մենք հրատարակում ենք նաեւ տարբեր հեղինակների գրքեր, հուշագրություններ, գրական փաստաթղթեր, որոնք պահպանվում են մեր թանգարանում:
-Ի՞նչ գրական, մշակութային ընդհանրություններ եք նկատել հետխորհրդային երկրներում՝ Վրաստանում եւ Հայաստանում:
-Ինքնին հասկանալի է: Ե՛վ Վրաստանը, եւ՛ Հայաստանը սկզբում եղել են ռուսական կայսրությունում, հետո՝ Խորհրդային Միությունում: Իսկ դա իր հետքն է թողել վրաց եւ հայ գրականության վրա: Անցյալ դարի 30-ական թվականներին ոչնչացրեցին շատ գրողների, օրինակ՝ Եղիշե Չարենցին: Եվ այդ պատճառով էլ թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում, ստիպված էին գրել սոցիալիստական ռեալիզմի ոճով: Մենք ունենք գրեթե նույն խնդիրները. դրանք սոցիալական, տարածքային խնդիրներ են, դրանք վերաբերում են նաեւ Ռուսաստանի, աշխարհի հետ մեր հարաբերություններին:
-Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա համագործակցությունը Ձեր հայ գործընկերների հետ, ի՞նչ նոր նախագծեր ունեք:
-Օրինակ՝ Վրաստանը Ֆրանկֆուրտի գրական փառատոնում, գրքի տոնավաճառում, գլխավոր հյուրն էր: Որքանով տեղյակ եմ՝ դրանով հետաքրքրված էր նաեւ Հայաստանը: Դրա համար կատարվել է լուրջ աշխատանք, մենք պետք է օգնենք մեր հայ գործընկերներին, որպեսզի նրանք նույնպես հայ գրականությունը ներկայացնեն Գերմանիայում: Եղել են բազմաթիվ թարգմանություններ՝ վրացերենից գերմաներեն, եւ ես կարծում եմ, որ հայերենից գերմաներեն կատարված թարգմանությունները եւս հրաշալի կլինեն: Կարծում եմ նաեւ վրացիները կօգնեն իրենց հայ գործընկերներին, որպեսզի հայ գրականությունը ներկայանա իր լավագույն կողմերով:

Թագուհի Հակոբյան