Ճշմարտությունը՝ Մադրիդյան սկզբունքների մասին. Աշոտյան

Ճշմարտությունը՝ Մադրիդյան սկզբունքների մասին. Աշոտյան

Ֆեյսբուքյան իր էջում Մադրիդյան սկզբունքների՝ ըստ Փաշինյանի՝ վիճահարույց դրույթներին անդրադարձել է տարիներ շարունակ այդ փաստաթղթով Ալիևի հետ բանակցություններ վարած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչը՝ Արմեն Աշոտյանը: Իբրև քաջատեղյակ, նա գրում է.
«Մադրիդյան սկզբունքները» միակ փաստաթուղթն է, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Այդ փաստաթղթի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները 2009-2013 5 համատեղ հայտարարություն են արել:
Միջազգային պրակտիկայում չի՛ եղել որևէ դեպք, երբ ինքնորոշման իրավունքն իրագործվի միայն անջատվող, ինքնորոշվող հատվածի որոշման հիման վրա: Վերջին օրինակը Կոսովոն է եղել, երբ որ ուղղակի պարտադրվել է:
Այսինքն՝ Մադրիդյան փաստաթղթերն ընդունելով, մենք բացարձակապես որևէ վնաս չենք տվել Լեռնային Ղարաբաղում 1991 թվականին կայացած հանրաքվեին:
Ակնհայտ է, որ եթե նոր հանրաքվեն կայանար, այն լինելու էր, այդպես էլ գրված է, կա՛մ ՄԱԿ-ի, կա՛մ ԵԱՀԿ դիտորդների մասնակցությամբ:
Այն, ինչ որ Լեռնային Ղարաբաղում 1991 թ. անցկացվել է, եղել է առանց միջազգային մանդատ ունեցող դիտորդների և այլն:
Ակնհայտ է, որ հենց այնպես չէր կարելի պնդել, ասել՝ սա է և վերջ, որովհետև մենք չէինք ունենա միջազգային հանրության աջակցությունը:
Նիկոլը արդեն այնքան է հեռուն գնացել, որ նույնիսկ ադրբեջանական արգումենտներից ավելի անհեթեթ փաստարկներ է օգտագործում։
Նույնիսկ Ադրբեջանը ռիսկ չէր անում այդպիսի արգումենտներ բերել բանակցությունների ողջ ընթացքում:
Այսինքն՝ այնպիսի աբսուրդ արգումենտ է բերում Նիկոլը, որ նույնիսկ ադրբեջանցիների մտքով էլ չէր անցնի:
Ընդ որում, եթե ծրագիրն իրականացվեր, ապա մենք ունենալու էինք նաեւ Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված եւ երաշխավորված միջանկյալ կարգավիճակ։
Տալու էինք 5 շրջան, բայց երկուսը մնալու էին, որովհետև Լաչինն ու Քելբաջարը շատ սերտորեն կապված են ռեֆերենդումի անցկացման հետ։
Եթե ռեֆերենդում չլիներ, այդ երկու շրջանը մնում էին հայկական (սա անգամ Ալիեւն է մի քանի անգամ խոստովանել), իսկ Արցախի անվտանգությունը պահելու էին միջազգային մանդատ ունեցող խաղաղապահները։
Ահա ամբողջ ճշմարտությունը Մադրիդյան սկզբունքների մասին՝ սեղմ եւ հասկանալի։