ՄԻԵԴ որոշումն ուղղված է հայ գերիներին անդառնալի վնաս հասցնելու վտանգի կանխարգելմանը

ՄԻԵԴ որոշումն ուղղված է հայ գերիներին անդառնալի վնաս հասցնելու վտանգի կանխարգելմանը

Banber.am-ը 2020թ. 44-օրյա պատերազմից  հետո  ՀՀ-ի` Ադրբեջանի դեմ ներկայացված  հայցերի վերաբերյալ մի քանի հարց էր ուղղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում  ՀՀ կառավարության  լիազոր ներկայացուցիչ  Եղիշե Կիրակոսյանին: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի  գրասենյակից  ստացել ենք հետեւյալ պատասխանները:

-2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում միմյանց դեմ քննվող դատական գործերի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ իր որոշումները: Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է բռնությունից եւ մարմնական վնասվածքներից  պաշտպանել բոլոր այն անձանց, որոնք 2020թ. հակամարտությամբ պայմանավորված հայտնվել եւ պահվում են Ադրբեջանում, ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առաջ հավասարությունը: Որքանո՞վ է Ադրբեջանը կատարում իր պարտավորությունները, ի՞նչ խախտումներ, մարդու իրավունքների ոտնահարումներ են եղել դեկտեմբերի 7-ից առ այսօր: Որպես ՄԻԵԴում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ` ի՞նչ աշխատանքներ եք կատարում Ադրբեջանում հայտնված մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Նույն  որոշման մեջ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել  է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու եւ պատժելու հայկական մշակութային  ժառանգության, այդ թվում`եկեղեցիների եւ պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, ուղենիշային պատկերների, գերեզմանատների եւ այլ ցուցանմուշների հանդեպ վանդալիզմի եւ պղծման գործողությունները: Ս.թ. փետրվարի 3-ին ադրբեջանական եւ միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը  ձեւավորել է  «աղվանական պատմության եւ ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ », որի առաջադրանքն է`իբր աղվանական ճարտարապետական հուշարձաններից  հեռացնել   «կեղծ հայկական հետքերը»: Ի՞նչ  քայլեր եք կատարել, որպեսզի կանխվի ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսեւորումը:

-Միջազգային  իրավական հարցերով գրասենյակը  հավաքագրում եւ ուսումնասիրում է Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման  մասին միջազգային կոնվենցիայի խախտումների հիմքով Արդարադատության միջազգային դատարանում քննվող  «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի»  դատական գործի շրջանակներում  2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշման խախտումները վկայող փաստական հանգամանքները: Ադրբեջանում տիրող հայատյաց քաղաքականության, Ադրբեջանի վերահսկողության  տակ անցած հայկական մշակութային ժառանգության վերացման եւ յուրացման, Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց կոնվենցիոն իրավունքների խախտման  ցանկացած  դրսեւորում, ինչպես նաեւ դատարանում քննվող վեճի սրմանն ուղղված ցանկացած գործողություն փաստաթղթավորվում է գրասենյակի կողմից եւ ներկայացվելու է  վերոնշյալ գործի շրջանակներում դատարան մուտքագրվող  հայցադիմումում: Դատարանի կողմից կայացված որոշումն ինքնին կանխարգելիչ   բնույթ  կրող իրավական փաստաթուղթ է եւ ուղղված է անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգի վերացմանը: Որոշման ցանկացած խախտում  մանրամասն քննվելու է Արդարադատության միջազգային դատարանում  ընթացող  «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի » դատական վարույթի շրջանակներում:

-2020թ. արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը քանի՞  հայց  է  ներկայացրել  Մարդու իրավունքների եվրոպական դատարան`ընդդեմ Ադրբեջանի: Քանի՞ հայց է ներկայացրել ՄԻԵԴ Ադրբեջանն՝ ընդդեմ Հայաստանի:

-2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների  դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված  պատերազմի առնչությամբ ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական  դատարան (այսուհետ`ՄԻԵԴ) է ներկայացրել մեկ միջպետական գանգատ: Ադրբեջանը Հայաստանի դեմ ներկայացրել է մեկ միջպետական գանգատ 2021թ. հունվարի 15-ին:

-Հայաստանի Հանրապետության` ՄԻԵԴ  ներկայացրած  հայցերից   քանի՞սն են հրատապ կարգով քննության առնվել, որո՞նք են դրանք:

-ՀՀ կառավարության կողմից Դատարանի՝ 39-րդ կանոնի ներքո միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով ներկայացված բոլոր դիմումները ՄԻԵԴ-ի կողմից քննվում են ըստ սահմանված հրատապ ընթացակարգի: ՀՀ կառավարության կողմից  Դատարանի կանոնների 39-րդ կանոնի ներքո ներկայացված դիմումները գերազանցապես վերաբերում են հայ ռազմագերիներին եւ պահվող քաղաքացիական անձանց:

-Քանի՞  հայ  ռազմագերի ունենք այսօր Ադրբեջանում, նրանց վերաբերյալ քանի՞ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների  եվրոպական  դատարան:

-2020թ. սեպտեմբերի  27-ից  մինչ  օրս  ՀՀ կառավարությունը Դատարանի կանոնների  39-րդ  կանոնի ներքո միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի կողմից ենթադրյալ  գերեվարված  173 անձանց  (ռազմագերիներ եւ պահվող քաղաքացիական անձինք) վերաբերյալ դիմումներ: ՄԻԵԴ-ում ընթացող իրավական գործընթացների շրջանակներում Ադրբեջանի հաստատած եւ այս պահին Ադրբեջանում  քննվող ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց  թիվը  38-ն է:

-Արցախի Հանրապետությունից  ընդդեմ  Ադրբեջանի հայց  ներկայացվե՞լ է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

-ՄԻԵԴ միջպետական գանգատ ներկայացնելու իրավունք ունեն միայն  Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները: Արցախի Հանրապետությունը չի անդամակցում Եվրոպայի խորհրդին:

Թագուհի Հակոբյան