Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ

Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ,-հայտնում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական կայքը:

Բլինքենը Հայաստանի վարչապետի հետ քննարկել է «տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը» և առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերականգնմանը: Բլինքենը խրախուսել է  կողմերի միջև երկխոսությունը և ողջունել երկու երկրների արտգործնախարարների վերջերս Թբիլիսիում կայացած հանդիպումը:

Պետքարտուղարը նաև վերահաստատել է աջակցությունը Եվրամիության միջնորդությամբ անցկացվող քննարկումներին և ընդգծել, որ 1994 թվականից լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ «ԱՄՆ-ը պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ համախոհ գործընկերների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին՝ գտնելու երկարատև համապարփակ խաղաղություն»:

Բլինքենը նաև ողջունել է Փաշինյանին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժի և ձեռք բերված կոնկրետ համաձայնությունների կապակցությամբ, ասված է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրությունում:

Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի մասին Պետդեպարտամենտի խոսնակի հաղորդագրությունում բացի վերոնշյալից նշված է նաև, որ վերջինս Ալիևին հորդորել է ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին» (Secretary Blinken also urged President Aliyev to release all remaining Armenian detainees):