ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեծ ծավալի տեղեկատվության է տիրապետում, բայց լռում է

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեծ ծավալի տեղեկատվության է տիրապետում, բայց լռում է

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար:

Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:

Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար»: