Ռուսաստանը հեռացվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմից

Ռուսաստանը հեռացվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմից

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովն այսօր դադարեցրեց Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին: Պատճառը Ուկրաինայի դեմ ռազմական հարձակումն է և ռուս զինվորականների կողմից մարդու իրավունքների կոպտագույն և վայրագ խախտումները:

Բանաձևին հավանություն են տվել կառույցի անդամ 93 պետություններ, դեմ՝ 24-ը, 58 -ը՝ ձեռնպահ։

Փաստաթուղթը խորը մտահոգություն է հայտնում «Ուկրաինայում շարունակվող մարդասիրական ճգնաժամի կապակցությամբ՝ դատապարտելով Ռուսաստանի գործողությունները հարևան երկրի դեմ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն ունի 47 անդամ: Նախկինում կառույցից հեռացվել էր միայն Լիբիան՝ այդ երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից բռնարարքների կապակցությամբ։

«Ռոյթերզ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ռուսաստանը քվեարկությունից առաջ զգուշացրել է ՄԱԿ-ի անդամներին, որ բանաձևին կողմ կամ ձեռնպահ քվեարկությունը կդիտարկի որպես «ոչ բարեկամական քայլ, որն իր ազդեցությունը կունենա հետագա երկկողմ հարաբերությունների վրա։