Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Մարտակերտում քաղաքացիական անձը զոհվել է ադրբեջանցիների կրակոցից:
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ կողմերի շփման գծի մոտակայքում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը», — ասված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ Ռուսաստանի ռազմական գերատեսչության այսօրվա տեղեկագրում,-հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ըստ այդմ՝ «Ռուսաստանյան զորախմբի հրամանատարությունը միջադեպի քննություն է իրականացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»:
Նախօրեին Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հաղորդեց Մարտակերտ քաղաքում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից քաղաքացիական անձի զոհվելու մասին:
Ադրբեջանը հերքեց այդ հաղորդումը:
Մարտակերտի քաղաքապետի խոսքով, մինչդեռ, կրակոցների ժամանակ 55-ամյա Արամ Տեփնանցի մոտ` տրակտորում, ռուս խաղաղապահներ են եղել:
