Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանն արդեն մեկնել է Բրյուսել: Հիշեցնենք՝ վաղն այստեղ կայանալու է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Իլհամ Ալիևի և Փաշինյանի եռակողմ հանդիպումը։
Մինչ այդ, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը:
,,Փաշինյանը և Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը,,-ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև վաղը Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը:
Ու թեև ասվածից հետևում է, որ պետքարտուղար Բլինքենի զանգը գերազանցապես կապված էր Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, մասամբ՝ նաև ուկրաինական իրադարձությունների, նույն՝ կառավարական տեքստում ասվում է. ,,Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է,,:
Մինչ Փաշինյանը, ինչ-ինչ մտահոգություններից ելնելով շողոքորթում է ԱՄՆ պետքարտուղարին, Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր Պատիվ ունեմ և Հանրապետություն խմբակցությունների համատեղ հանրահավաքը: Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած այս ուժերը բավական զգացմունքային ու ըմբոստ ելույթներ են ունենում: Նրանք վկայակոչում են Նիկոլ Փաշինյանի պարտվողական քաղաքականության հետևանքները, այն, որ նրա օրոք Արցախի և Հայաստանի սահմանների վերաձևում է լինում՝ հօգուտ Ադրբեջանի և հայտարարում, որ անընդունելի է Արցախը Ադրբեջանի կազմում որևէ կարգացիվակ:
Վանկարկումներ էին լինում նաև ,,Առանց Նիկոլ Հայաստան,,, ,,Նիկոլ՝ դավաճան,, բովանդակությամբ: Արդարացիորեն պնդելով, որ գործող վարչախումբն ի զորու չէ սպասարկել հայաստանյան ու արցախյան շահը, հայտարարվեց ամեն գնով այս ոչ հայանպաստ ընթացքն ու դերակատարներին կանգնեցնելու անհրաժեշտության ու վճռականության մասին:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հանուն Հայաստանի եւ Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր գաղափարաբանական եւ քաղաքական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը։ Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020–ի նոյեմբերի 9–ի դրությամբ դիրքերին:
Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետեւյալ հիմնարար սկզբունքներով.
— հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով,
— բացառել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,
— բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը,
— քայլեր ձեռնարկել 1994 թ. ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ,
— բացառել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը,
— Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում եւ սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց,
— չստորագրել Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը,
— Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։Նանե Մակուչյան
