ՔՈ-ն  փորձելու է Դիլիջանի կյանքը  բարելավել

ՔՈ-ն փորձելու է Դիլիջանի կյանքը բարելավել

Հոկտեմբերի 17-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Տավուշի մարզի Դիլիջան համայնքում իրենց թեկնածուներին են առաջադրել «Հայրենիք », «Ապրելու երկիր », «Հանրապետություն », «Քաղաքացիական պայմանագիր », «Քաղաքացու որոշում » կուսակցությունները: Վերջինս Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել մասնագիտությամբ տնտեսագետ, 2019-2021թթ. Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արա Մարտիրոսյանին:
Սոցիոլոգիական ներքին հարցումների համաձայն ՝ «Ապրելու երկիր »-ը ստացել է 20,2 տոկոս քվե, «Պատիվ ունեմ»-ը ՝ 2,1 տոկոս, «Հանրապետություն »-ը ՝ 7,2 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիրը » ՝ 31,6 տոկոս, «Քաղաքացու որոշում »-ը ՝ 38,9 տոկոս:
Մեր տեղեկություններով ՝ Դիլիջանում պոկել են տարբեր կուսակցությունների պաստառները, այդ թվում նաեւ՝ «ՔՈ» կուսակցությանը: « ՔՈ»-ականները չեն պատրաստվում որեւէ իրավական ընթացք տալ դրան: Ակնհայտ է, սակայն, որ նախկին իշխանություններից մնացած հին, «բարի» ավանդույթները չեն մոռացվել, եւ հիմա էլ կուսակցություններն իրար դեմ պայքարում կիրառում են այդ զինանոցը: Կուսակցության անդամները նշում են, որ իրենք իրենց աշխատանքն են կատարում, հատուկ ոչինչ չեն անում արհեստական իրենց վարկանիշը բարձրացնելու համար: Թեեւ վերը նշված հարցումներից երեւում է, որ ակնհայտ առավելություններ ունի «ՔՈ»-ի թեկնածուն: Ընտրություններին «ՔՈ»-ն մասնակցում է իր քաղաքի կյանքը բարելավելու համար: Իշխանությունների կողմից այլ խոչընդոտներ մինչ օրս չեն հանդիպել, իսկ իշխանությունները վարչական ռեսուրս կիրառում են միշտ, չի կարող այս անգամ էլ բացառություն լինել:
Թեեւ ժամանակին «ՔՈ» կուսակցության անունը կապվում էր իշխանությունների հետ, սակայն «ՔՈ»-ականները պնդում են, որ իրենց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին ինքնանպատակ չէ, որեւէ մեկին կողմ կամ դեմ չեն: Իսկ Արա Մարտիրոսյանը մինչեւ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվելը 2005 եւ 2008 թվականներին ընտրվել է Դիլիջանի ավագանի: