Ադրբեջանական սադրանք, 2 հայ զինվորի մահ, ՀԱՊԿ. օրվա գլխավոր թեման

Ադրբեջանական սադրանք, 2 հայ զինվորի մահ, ՀԱՊԿ. օրվա գլխավոր թեման

Այսօր կեսօրից սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական կողմն ունի երկու զոհ՝ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է,-գրում է ՊՆ-ն։

Ադրբեջանական կողմը ևս հայտնում է զոհի  մասին`  Նազարով Այազ Ազեր օղլուն, ըստ Բաքվի՝ Քելբաջարի ուղղությամբ հայկական սադրանքի հետևանքով։

Կրակոցները սկսվել են 15.30-ի սահմաններում՝ Վերին Շորժայի ուղղությամբ, այնուհետ՝ Նորաբակի: Ադրբեջանական կողմը կիրառել է հրետանի և անօդաչու թռչող սարքեր:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը երեկոյան հայտնել է, որ Նորաբակում ինտենսիվ կրակոցներ են,  որոնք գյուղում ևս լսվում են, խոշոր տրամաչափի զենքերից են կրակում։

Իրավիճակը ժամը 21.00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

Այսօրվա ռազմական սադրանքի բերումով ակտիվացել են քննարկումները՝ կապված ՀԱՊԿ կառույցի հետ: Տարբեր քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ և պարզապես քաղաքացիներ նկատում են, որ ընդամենն օրեր առաջ ՀՀ վարչապետի ակտիվ միջամտությամբ Ղազախստան ուղևորվեցին այդ ռազմական կառույցի զորքերը, այն պարագայում, որ նրանք նախատեսված են ՀԱՊԿ անդամ պետությունների դեմ ռազմական ագրեսիայի դեպքում միջամտության համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ղազախական դեպքերի հետ կապված պետքարտուղարի մակարդակով հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն, որի գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, մուտքը Ղազախստան  վկայում է ԽՍՀՄ-ը վերականգնելու՝ Պուտինի ցանկության մասին: