Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱՄՆ-ում նախկին դեսպանը

Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱՄՆ-ում նախկին դեսպանը

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն,-գրում է Ermenihaber.am-ը:

Նա նաև նշել է, որ ծրագրում են Հայաստանում հատուկ ներկայացուցչին նշանակել փետրվարի 14-15-ն ընկած ժամանակահատվածում։

Ո՞վ է Սերդար Քըլըչը

Քըլըչը ծնվել է 1958թ. մարտի 28-ին Թուրքիայի հյուսիսային Սամսուն շրջանում։ Նա ուսումը ստացել է Թուրքիայի կրթական միության Անկարայի քոլեջում, 1980թ. ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը:

Քըլըչը 1984 թվականից սկսած աշխատում է Թուրքիայի արտաքին գերատեսչությունում։ 2006-2008 թվականներին Թուրքիայի ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականի պաշտոնն է զբաղեցրել, 2008-2010 թվականներին Բեյրութում եղել է Թուրքիայի դեսպանը: 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014թթ.՝ Տոկիոյում, 2014-2021թթ.՝ Վաշինգտոնում Անկարայի դեսպանը:

Թուրք դիվանագետն ամուսնացած է, ունի 3 երեխա։

Սերդար Քըլըչի հայրը՝ Իլյաս Քըլըչը 1961-1980թթ. եղել է Թուրքիայի մեջլիսի «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր։ Իսկ նրա հորեղբայրը զբաղեցրել է Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը, ինչպես նաև եղել է «Արդարություն և զարգացում կուսակցությունից» ընտրված պատգամավոր:

Հատկանշական է, որ ՀՀ-ում բանագնաց է նշանակվում հենց ԱՄՆ-ում Թուրքիայի երկարամյա դեսպանը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա բանագնացների նշանակման ճարտարապետը Միացյալ Նահանգներն են: