Պուտինը փորձում է վերականգնել նախկին Խորհրդային Միությունը. Էնթոնի Բլինքեն

Պուտինը փորձում է վերականգնել նախկին Խորհրդային Միությունը. Էնթոնի Բլինքեն

Ստորև ներկայացնում ենք «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններում Ռուսաստանի դերակատարության մասին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունների վերաբերյալ:

Վաշինգտոնը պատասխաններ է սպասում Ղազախստանի պաշտոնյաներից՝ ներքին խնդիրները լուծելու նպատակով ՀԱՊԿ ուժեր ներգրավելու վերաբերյալ, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք կոնկրետ հարցեր ունենք այն մասին, թե ինչու են նրանք ստիպված եղել կանչել այս կազմակերպությունը, որում գերիշխում է Ռուսաստանը», — ասել է Բլինքենը CNN-ի եթերում, հավելելով, որ Ղազախստանը պետք է կարողանա խաղաղ վերաբերվել ցույցերին: «Մենք պարզաբանում ենք խնդրում այդ կապակցությամբ»,- ասել է նա։

Ղազախստանի իշխանությունները կիրակի հայտարարեցին, որ վերահսկողության տակ են առել իրավիճակը ողջ երկրում և հանգուցալուծել ճգնաժամը, որն ամենաարյունալին ու հուժկուն էր անցած 30 տարում՝ անկախության հռչակումից ի վեր։ Ավելի վաղ նախագահ Տոկաևը օգնություն էր խնդրել ՀԱՊԿ -ից, ինչպես նաև առանց նախազգուշացման կրակ բացելու հրաման տվել իրավապահներին։

«Արտասահմանից կողմերին կոչ են անում խնդիրը բանակցությունների միջոցով լուծել: Ինչպիսի անհեթեթություն, ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ, մենք գործ ունեինք զինված ու պատրաստված ավազակների հետ՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա։ Հենց ավազակների և ահաբեկիչների: Այդ իսկ պատճառով նրանց պետք է ոչնչացնել: Եվ դա կարվի մոտ ապագայում», — հայտարարել էր Տոկաևը։

ԱՄՆ պետքարտուղարը խստորեն դատապարտել է առանց նախազգուշացման կրակ բացելու՝ Տոկաևի որոշումը։

«Այդ հրամանը սխալ է և պետք է չեղարկվի», — ասել է Բլինքենը ABC-ի «This Week» ծրագրին տված հարցազրույցում։

Մինչ այդ էլ ԱՄՆ արտգործնախարարը ակնարկել էր, որ Ղազախստան մտած ռուսական զորքերը կարող են հավելյալ խնդիրներ առաջացնել այդ երկրի իշխանությունների համար։ «Նորագույն պատմության դասերից մեկն այն է, որ երբ ռուսները ձեր տուն են մտնում, երբեմն շատ դժվար է լինում նրանց ստիպել հեռանալ», — նախօրեին ասել էր նա:

«Նախագահ Պուտինի նպատակներից մեկն է վերականգնել նախկին Խորհրդային Միությունը, ինչը նշանակում է վերահաստատել իր երբեմնի ազդեցությունը երկրներում, որոնք մինչ այդ եղել են ԽՍՀՄ անդամ»,-ասել է Բլինքենը՝ անդրադառնալով ղազախական, ավելի վաղ՝ բելառուսական ու հայ-ադրբեջանական զարգացումներին միջամտելու՝ Կրեմլի ջանքերին։

Ռուսաստանը բավական կոշտ էր արձագանքել պետքարտուղարի այս հայտարարություններին` հորդորելով հայացք նետել սեփական պատմությանը, այդ թվում՝ ներխուժումներին Իրաք և Վիետնամ։

«Եթե Էնթոնի Բլինքենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա պետք է հաշվի առնի հետևյալը. երբ ամերիկացիները քո տանն են, դժվար կլինի ողջ մնալ և չկողոպտվել կամ բռնաբարվել», — գրել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը Տելագրամի էջում։

Հարցեր ունի նաև Եվրամիությունը

ԱՄՆ պետքարտուղարից բացի, նաև Եվրամիությունն է հարցեր բարձրացրել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր տեղակայելու վերաբերյալ։

«Արտաքին ռազմական աջակցությունը հիշողություններ է արթնացնում իրավիճակների մասին, որոնցից անհրաժեշտ է խուսափել»,- Թվիթերում գրել էր ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ առանց հստակ մանրամասների։

Չնայած Ղազախստանից ու ՀԱՊԿ-ից հնչող հայտարարություններին, թե Ղազախստանում «ոչ թե ցուցարարներ են, այլ՝ ահաբեկիչներ, որոնց հետ բանակցություններ չեն կարող լինել», Եվրամիության արտգործնախարարը հորդորել էր երկխոսություն սկսել։ «Բրյուսելը պատրաստ է աջակցել այս ճգնաժամի հանգուցալուծմանը»,- ընդգծել էր ԵՄ արտաքին քաղաքականության գծով բարձրագույն հանձնակատարը։

Ղազախստանի իշխանությունները հայտարարում են, թե անցած մի քանի օրվա ընթացքում շուրջ 6000 մարդ են ձերբակալել՝ «հակաահաբեկչական գործողությունների արդյունքում»։ Առայժմ, սակայն, ո՛չ Տոկաևի վարչակազմը, ո՛չ էլ նրա գործընկերները ահաբեկիչների կամ այլ երկրների կողմից միջամտության վերաբերյալ որևէ փաստ չեն ներկայացրել։